Ի պատասխան Անկարայի պայթյունի՝ Թուրքիան սկսել է ռմբակոծել Իրաքի քրդերի դիրքերը
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում: Դա թուրքական իշխանությունների պատասխանն է Անկարայում որոտացած պայթյունին, որին զոհ է գնացել նվազագույնը 37 մարդ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «ծնկի բերել ահաբեկչությունը», իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պայթյունի վայրում հայտնաբերված փաստերը միանշանակ մատնանշում են այն, որ պայթյունը իրականացվել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից: Թուրքական անվտանգության ուժերը հայտարարել են, որ մահապարտ կինը, ով կասկածվում է պայթյունի իրականացման մեջ, նույնպես PKK-ի անդամ է:
Հետաքննության արդյունքում, թուրքական մամուլի տեղեկություններով, Սանլիուրֆ քաղաքում ձերբակալվել է 4 մարդ, իսկ Դավութօղլուն հայտարարել է, թե ոստիկանությունը կալանավորել է 11 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ:
Պաշտոնական տեղեկություններով՝ մեքենան, որտեղ գտնվել է պայթուցիկը, գնվել է այդ քաղաքի ավտոսրահներից մեկից: Թուրքիայի հարավարևելյան 3 քաղաքների քրդական շրջաններում դարձյալ պարետային ժամ է սահմանվել:
Մինչ այդ, Թուրքիայի ավիացիան հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում PKK-ի ճամբարներին: Հարձակմանը մասնակցել է 11 ինքնաթիռ, հարվածներ են հասցվել Քանդիլ ու Գարա քաղաքներում քրդական զինապահեստներին:
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ պարետային ժամ է սահմանվել նաև քրդաբնակ Յուքսեկով ու Նուսայբին քաղաքներում, նաև Շըրնաք նահանգում:
Մինչ այդ, տեղի է ունեցել պայթյունի որոշ զոհերի հուղարկավորությունը:
Անկարայի պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: