«Իջևանում վարձավճարները բարձրանում են, բայց ոչինչ չի փոխվում մանկապարտեզում»

asparez.am-ը գրում է. Արդեն 3-րդ երեխաս է հաճախում մանկապարտեզ: Երեխաններիս մանկապարտեզ տանելուց առաջ ուսումնասիրել ենք Իջեւան քաղաքի բոլոր մանկապարտեզները: Գրեթե բոլորը նույնն են` առկա են միայն նվազագույն պայմանները: Մասնակի են վերանորոգված, այն էլ` կոսմետիկ,- ինձ հետ զրույցում ասում է ծնողներից մեկն ու ավելացնում, որ Իջեւանի շատ մանկապարտեզներ չունեն երեխայի մտավոր զարգացման համար դիդակտիկ նյութեր, պարագաներ:

-Խաղերը գրեթե բակային են: Քանի որ Իջեւանում բոլոր մանկապարտեզները նույն մակարդակի վրա են գտնվում, մենք ընտրել ենք մեր տանը մոտ մանկապարտեզ: Մինչ այս տարվա սկիզբ մենք վարձավճար վճարում էինք 3000 դրամ,-ասում է նա:

Այս տարեսկզբից Իջեւանի մանկապարտեզներում վարձավճարը թանկացել է 2000 դրամով: Նախկինում սահմանված 3000 դրամի փոխարեն ծնողները ստիպված են արդեն վճարել 5000 դրամ:

-Դժվար է հինգ հազար դրամ վճարելը: Հետաքրքիր է` վարձավճարները բարձրանում են, բայց ոչինչ չի փոխվում մանկապարտեզում: Տարիներով գույքը նույնն է, սննդակարգը` նույնպես: Շատ ծնողների համար դժվար է 5000 դրամ վճարել: Եթե ոչինչ չի փոխվում` ինչու՞ են թանկացնում, չենք հասկանում: Կարելի է թանկ վճարել, եթե իմանաս, որ երեխան հաճախում է իդեալական պայմաններով մանկապարտեզ: Հիմա ոչինչ չի փոխվել` ոչ սնունդը, ոչ էլ պայմանները. միայն վարձերն են բարձրացել` առանց պատճառ,-դժգոհում է ծնողն ու հույս հայտնում, որ մի օր Իջեւանը կունենա իդեալական մանկապարտեզ:

-Ճիշտ է` երեխաների համար ոչինչ չենք խնայում, բայց երբ աշխատանք չկա, հինգ հազար դրամը վարձի համար բարձր է: Ինչ արած` երեխան նախադպրոցական կրթություն պետք է ստանա: Իջեւանում նոր մանկապարտեզ է կառուցվելում` գեղեցիկ, բոլոր հարմարություններով: Հուսով եմ, որ մեր երեխաններն էլ մի օր կհաճախեն իսկական մանկապարտեզ: Հիմա ստիպված ենք տանում:

Ծնողները տեղեկացնում են, որ երեխայի համար անկողնային պարագաները իրենք են տնից տանում:

-Ձմռանը ջեռուցումը մանկապարտեզում փայտով է. մի օր տաք, մի օր ցուրտ, բայց ինչ արած` տարբերակ չկա,-ասում են նրանք:

Իջեւանի համայնքապետարանը նախադպրոցական ուսումնական հաստատութուններին ամեն ամիս փոխանցում է աշխատավարձ, էներգիայի վճարները, նաեւ հատկացնում է գումար` այլ ծախսերի նպատակով, սակայն, ծնողների խոսքով, մանկապարտեզների պայմանները գոհացնող չեն:

 

Տեսանյութեր

Լրահոս