Հովիկ Աբրահամյանը նախարարների ու մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը և մի շարք այլ հարցեր:

Xorhrdakcutyun4 Xorhrdakcutyun3

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզպետարանների հետ իրականացված համակարգված աշխատանքների արդյունքում նախորդ տարի գյուղոլորտում արձանագրվել է 11,7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2015 թվականին 2014-ի համեմատ առաջին անգամ մշակվել է 19 հազար հա ավելի հողատարածք: Ներկա դրությամբ մշակվող վարելահողերի ծավալը ՀՀ-ում կազմում է 79 տոկոս: Նախարարը զեկուցել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքում, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները:

Xorhrdakcutyun2

Գարնանացան գարու սերմացուի 70 տոկոսը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, ընթացքի մեջ է պետության սուբսիդավորմամբ գյուղացիներին հատկացվելիք պարարտանյութերի ներկրման գործընթացը, իսկ դիզվառելիքն արդեն տրամադրվել է: Վարչապետի հանձնարարությամբ սկսվել է նաև կառավարության կողմից 6 տոկոսով սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա խնդիրները բացառելու նպատակով արդեն իսկ սկսել են աշխատել վերամշակող կազմակերպությունների հետ՝ մթերումները պատշաճ կազմակերպելու համար: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում վերջին երկու ամիսներին արձանագրվել է պտուղ բանջարեղենի արտահանման ծավալների աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 17 հազար 800 տոննա պտուղ բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 հազար 300 տոննայի դիմաց:

Անդրադարձ է կատարվել ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայաններն առանց որևէ խնդրի պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այս հարցում որևէ խնդիր չպետք է լինի և գյուղացին ոռոգման ջուրը պետք է ստանա ժամանակին:

Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» շրջանակներում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀԲ 2-րդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել ևս 37 տարածքային կենտրոն, որոնցից 20-ը պետք է շահագործման հանձնվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նման կենտրոնների թիվը ներկայիս 18-ից պետք է հասցվի 52-ի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ մարզպետների հետ քննարկել կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ տարածքների հատկացման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Վարչապետն անդրադառնալով Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատանքին, ևս մեկ անգամ կարևորել է դրանց թափանցիկ և անաչառ գործունեությունը, միջոցները խիստ արդյունավետ օգտագործելու նպատակով: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է շարունակել հետևողական քայլերը՝ ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով:

Այնուհետև քննարկվել են 2016 թ.-ի ընթացքում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ այդ նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվելու է շուրջ 680 մլն դրամ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագրով կիրականացվեն նաև Արաքս գետի ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս