
ՄԱԿ-ում քննարկում են Սիրիայի դաշնայնացման հարցը. Reuters

Սիրիան կարող է վերածվել դաշնային միության, որը կպահպանի երկրի տարածքային ամբողջականությունը՝ լայն ինքնավարություն տրամադրելով շրջանի իշխանություններին, գրում է Reuters-ը:
Սիրիայի դաշնայնացման գաղափարը քննարկվում է ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական կարգավորման գործընթացի առանցքային մասնակիցների կողմից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ այդ գաղափարն արդեն ներկայացվել է Սիրիայի հարցով հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրային:
Նշվում է, որ դաշնայնացման պլանին աջակցում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մի շարք խոշոր արևմտյան տերություններ:
«Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու երկիրը միասնական թողնելու համար գոյություն ունեն դաշնային կառուցվածքի տարբեր մոդելներ, որոնք մի շարք տարբերակներում ենթադրում են շատ թույլ կենտրոն ու լայն ինքնավարություն շրջաններին»,- ասել է աղբյուրը:
Ընդ որում՝ նա չի հայտնել մանրամասներ Սիրիայում հնարավոր դաշնայնացման մասին: Ինչպես հայտնի է, դաշնայնացման գաղափարը չի բացառել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով ընդգծել է, որ ցանկացած բարեփոխում պետք է լինի սիրիացիների հետ երկխոսության ու հանրաքվեի արդյունք, որը թույլ կտա անհրաժեշտ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում: