
Բացառիկ կադրեր. թուրքական օպերացիայի սարսափելի հետևանքները երկրի քրդաբնակ Ջիզրե քաղաքում

RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է բացառիկ կադրեր ստանալ Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Ջիզրե քաղաքից, որը լրջորեն տուժել է թուրքական զինված ուժերի օպերացիայի հետևանքով:
Հեռուստաալիքի օպերատորի նկարահանած տեսանյութում երևում են հրետանային գնդակոծության հետևանքները՝ քաղաքի ավերված շինությունները, ամբողջական թաղամասերը, չպայթած ռումբերն ու քրդերի չորացած արյունը:
«Այս շինությունում, լուրերի համաձայն, այրվել է 100-150 մարդ: Նրանք գտնվել են այրվող տան նկուղում»,- պատմում է հեռուստաալիքի թղթակից Ուիլյամ Ուայթմանը:
Իմանալով նկարահանումների մասին՝ տեղացիները մանրամասներ են պատմել լրագրողին քրդերի նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի մասին: «Սա բնակելի շենք է: Այստեղ եղել են կանայք և երեխաներ: Էրդողանը նրանց բոլորին սպանեց այդ ծանր հրետանիով, նա ոչնչացրեց այս տունը: Թուրքերն ասում են, թե պայքարում են ահաբեկիչների դեմ, բայց որտեղ են նրանք՝ այդ ահաբեկիչները»,- ասում է Ջիզրեի տարեց բնակիչը:
Կնոջ խոսքով՝ թուրքական օպերացիայի հետևանքով կարող է սպանված լինել 300-500 մարդ, ներառյալ՝ երեխաներ ու տարեցներ:
Ավելի վաղ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Մեհմետ Յուքսելը հայտնել էր Ջիջրեում թուրք ուժայինների կողմից ողջ-ողջ այրված 137 մարդու մասին:
Նկարահանող խումբը նյութերն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հարց բարձրացնելով, թե արդյոք իրականացվելու է հետաքննություն այդ ռազմական հանցագործության վերաբերյալ: