«Եթե ադրբեջանցիները դա ընդունում են՝ որպես հիմք, ավելի լավ». Դավիթ Բաբայանը՝ ռուս փորձագետի հոդվածի մասին

«Մենք ընդհանրապես շատ հանգիստ պետք է վերաբերվենք նման հոդվածներին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդել ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն իր վերլուծական հոդվածում՝ փորձելով բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները:

Հիշեցնենք, որ ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը վերլուծական հոդված էր գրել, որտեղ փորձել է բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները:

Դ. Բաբայանի կարծիքով՝ դա Ալեքսանդր Խրամչիխինի մոտեցումն է, ու դա չի նշանակում, թե նա ճիշտ է. «Ամեն քաղաքացու կարծիք հո ինչ-որ պետության դիրքորոշումը չէ՞: Ի վերջո, նա կարող է այդ վերլուծությունը սխալ տվյալների վրա կատարի, ինքը կատարյալ վերլուծաբան չէ, կամ չգիտեմ, Աստված չէ, որ ներկայացնի ինչ-որ տվյալներ, որ պետք է մեզ անակնկալի բերի, որ մենք մտածենք, թե սա ճշմարտության վերջին ատյանն է, կամ էլ Ռուսաստանի պետական քաղաքականությունն է: Այդ մարդն ընդամենը վերլուծաբան է, այն էլ՝ միջին կարգի: Դա իր կարծիքն է, թող այդպես գրի, եթե ինքն այդպես է մտածում, եթե ադրբեջանցիները դա ընդունում են՝ որպես հիմք, և թերագնահատում են մեր կարողությունները, ավելի լավ, բայց մենք պետք է հանգստություն ցուցաբերենք: Ես չեմ կարծում, որ դա պետք է լինի հանրային քննարկումների առարկա»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարևորություն ունի հոդվածը, ու ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, Դ. Բաբայանը պատասխանեց, որ ոչ մի կարևորություն չունի ու չի կարող ազդեցություն ունենալ. «Դա ընդամենը կարծիք է, որտեղ կան բազմաթիվ անճշտություններ, սուբյեկտիվ մոտեցումներ և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս