Էրդողանը դեմ առ դեմ է մնացել իր տապալված քաղաքականության հետ. Time
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող հերքել իր քաղաքականության ակնհայտ ձախողումը: Միջազգային հարթակում նա կորցրել է նրանց աջակցությունը, ում նախկինում Թուրքիան դաշնակիցներ էր համարում, իսկ երկրի ներսում Էրդողանի մեթողները դժգոհություն են հարուցում անգամ նրա սեփական կուսակցությունում, հայտնում է Time-ը:
Իր ինքնահավան ու ագրեսիվ քաղաքական կուրսով Էրդողանը ուժեղ զայրացրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: Վաշինգտոնը դժգոհ է, որ սիրիական կոնֆլիկտում Թուրքիան հետապնդում է սեփական նպատակներն ու իրականացնում է հարձակում քրդերի, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ:
Եվրոպացիները կասկածում են, որ Անկարայի ու ԵՄ-ի գործարքի շրջանակում Էրդողանը չափազանց շատ գումար է «գրպանում», հատկապես հաշվի առնելով այն, որ նրա ջանքերը Եվրոպա միգրացիոն հոսքի սահմանափակման հարցում չափազանց նվազ են, նշում է պարբերականը:
Թեժանում է նաև վիճակը երկրի ներսում: Ռուսական պատժամիջոցները հարված են հասցրել երկրի բանկային ոլորտին, զբոսաշրջությանը, Թուրքիայի շինարարական բիզնեսին, նրա տնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում:
Թուրքերի վերջին հույսը Թեհրանի հետ հարաբերությունների բարելավումն էր, սակայն այդ հաշվով Էրդողանը նույնպես հետևում է սեփական տեսակետին ու անհրաժեշտ է համարում ուժեղացնել կապերը Սաուդյան Արաբիայի՝ Իրանի տարածաշրջանային մրցակցի հետ, գրում է հոդվածագիրը:
Միաժամանակ, Էրդողանը վստահ է, որ Թուրքիայի հաջողության գրավականը դառնալու է իր ձեռքերում իշխանության կենտրոնացումը: Անցած տարեվերջից նա փորձում է «խցկել» Սահմանադրության փոփոխությունները, որոնք կընդլայնեն նրա լիազորությունները, գրում է Time-ը:
Սակայն, ամենայն հավանականությամբ, թուրքերի համբերության բաժակը լցվում է: Անգամ նրա սեփական կուսակցության քաղաքական գործիչներն են հասկացել, որ նրա ազդեցությունը հարկավոր է սահմանափակել: Այս մասին է վկայում այն փաստը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան անդամները կազմակերպել են ոչ պլանային հանդիպում, որպեսզի քննարկեն Թուրքիայում ստեղծված վիճակը:
Հոդվածագիրը գրում է, որ հանդիպման կազմակերպիչները եղել են երկրի նախկին նախագահն ու նախկին վարչապետը:
«Էրդողանին չի հաջողվի ստանալ այն, ինչ ցանկանում է: Այնպես, ինչպես նա օգտագործում է ճնշման լծակները, նրա թշնամիների թիվն անշեղորեն ավելանում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,- եզրակացնում է հոդվածագիրը: