«Եթե ինչ-ինչ դրույթների վերաբերյալ առաջարկություններ լինեն, մենք ևս հնարավորություն կունենանք ներկայացնելու դրանք». Տիգրան Մուկուչյան
ՀՀ Ընտրական նոր օրենսգիրքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում՝ ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների ներկայության թվի հետ կապված:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով մասնակցում էր նախագծի քննարկմանը, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնելով կարգավորման մասին՝ ասաց. «Այստեղ արդեն ներկայացվեց, որ կա մտահոգություն, նաև ներկայացվեց, թե որն է եղել մտահոգության առարկան, և կարծում եմ, համենայն դեպս, այն հանգամանքների հետ, որոնք ներկայացվում էին, բոլորս ենք առիթ ունեցել առնչվելու, որովհետև թե՛ համապետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականում դեպքեր էին լինում, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկայանում էին տեղամասային կենտրոններ, լինում էին հսկայական թվով տեղական տարբեր կազմակերպություններից՝ ըստ էության, որպես դիտորդներ, բայց որոնք իրենց գործառույթներով, իրենց նաև քողարկված շահերով չէին տարբերվում վստահված անձանցից: Դրանք, ըստ էության, որպես մեխանիզմներ՝ կիրառում էին ավելի շատ անձինք տեղամասային կենտրոններ գործուղելու համար:
Այստեղ արդեն նշվեց, որ դա ընդամենը առաջարկություն է եղել, որը ներկայացվել է ավելի շատ քննարկում ծավալելու և այդ հարցում գտնելու լավագույն լուծում, որպեսզի տեղամասային կենտրոններում միաժամանակյա հնարավորություն ընձեռվի ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների համար՝ իրացնելու իրենց իրավունքները, միաժամանակ, որպեսզի չլինի այնպես, որ խաթարվի քվեարկության բնականոն ընթացքը»:
Հարցին՝ արդյոք նախագծում կա՞ն մտահոգիչ դրույթներ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ նախագիծն առաջարկում է նոր մոտեցումներ, նոր լուծումներ՝ կապված քվեարկության, ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ: «Բնական է՝ նոր մոտեցումներ են, նոր լուծումներ են ներկայացվում: Հանձնաժողովի կողմից ևս այդ ամենը, բնականաբար, ուսումնասիրվում է: Բնական է՝ եթե ինչ-ինչ դրույթների վերաբերյալ առաջարկություններ լինեն, մենք ևս հնարավորություն կունենանք ներկայացնելու դրանք»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: