
Ամերիկայի ամենագեղեցիկ հանցագործը բանտը փոխարինել է պոդիումով

31-ամյա կալիֆոռնիացի բանտարկյալ Ջերեմի Միքսը, ով ստացել էր «Ամերիկայի ամենագեղեցիկ հանցագործ» տիտղոսը, լքել է բանտը ու պատրաստվում է նվաճել նորաձևության բեմահարթակները, հայտնում է New York Daily News-ը:
Մի քանի ամիս առաջ Ջերեմին, դեռևս գտնվելով բանտում, պայմանագիր էր կնքել պրոֆեսիոնալ մոդելային White Cross Management գործակալության հետ: Ու հիմա՝ բանտից դուրս գալուց հետո, նա կկարողանա կյանքի կոչել իր առաջին ֆոտոսեսիան:
Հիշեցնենք, որ տղամարդը 27 ամսվա ազատազրկման էր դատապարտվել անօրինական կերպով զենք պահելու համար, սակայն լավ վարքագծի պատճառով կարողացել է ժամկետից շուտ դուրս գալ բանտից:
Նա սկսեց մեծ ճանաչում վայելել այն բանից հետո, երբ լուսանկարը հայտնվեց Սթոքթոն քաղաքի ոստիկանության Facebook-յան էջում ու հավաքեց մոտ 200 հազար Like: