«Հրազդանում չկա լույս, հույս, ջերմություն…». Արթուր Միսակյան

«Ես իմ շանսերը գերազանց եմ գնահատում, որը պայմանավորված է իմ հանդիպումներով, շփումներով, մարդկանց հետ խոսելով, նրանց տրամադրություններն իմ նկատմամբ տեսնելով, նրանց դրական, ջերմ վերաբերմունքով, նրանց կողմից աջակցելու պատրաստակամությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր» (ՕԵԿ)) կուսակցության անդամ Արթուր Միսակյանը, ով պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Հրազդան քաղաքի քաղաքապետի պաշտոնում:

Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում: Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկ Աթասյանը: 168.am-ը զրուցել է նախկինում Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի խոսնակ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Միսակյանի հետ:

– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

– Ես ծնվել, ապրում եմ Հրազդանում, ես սիրում եմ իմ քաղաքը, ուզում եմ՝ իմ քաղաքում փոփոխություններ, իմ քաղաքում բերեմ լույս, հույս, ջերմություն, որը հիմա բացակայում է: Տանը նստելով, չպայքարելով՝ ոչ մի բան չի փոխվելու:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա քաղաքում չկա «լույս, հույս, ջերմություն»: Ներկայիս քաղաքապետը լավ չի՞ աշխատում:

– Ներկայիս քաղաքապետի, ինչպես նաև այլ թեկնածուների առաջ քաշած ծրագրերին, մոտեցումներին, աշխատանքին գնահատական տվողը միայն հրազդանցին է:

– Ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը մյուս թեկնածուների հետ, ինչո՞ւ հրազդանցին Ձեզ և ոչ թե՝ նրանց պետք է ընտրի:

– Ես բոլոր թեկնածուներին՝ որպես իմ պոտենցիալ մրցակիցներ, հարգում եմ: Պայքարը լինելու է բավականին հետաքրքիր, որովհետև վերջին տարիների ընթացքում Հրազդանում երրորդ այլընտրանքային թեկնածու չի եղել: Իմ առաջադրումը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում Հրազդանում, կարծում եմ՝ իմ նոր խոսքը, թարմությունը, ծրագրերը բավականին հետաքրքիր արդյունքներ են արձանագրելու ընտրություններին, դրա համար ես կարծում եմ՝ կլինի բավականին հետաքրքիր, նոր մոտեցումներով ընտրություններ, որովհետև միշտ ընտրողը նույն թեկնածուներին է տեսել:

– Այս նույն թեկնածուները ներկայիս և նախկին քաղաքապետերն են, որոնք հիմա դարձյալ թեկնածություն են առաջադրելու: Մտավախություն չունե՞ք, որ կրկին թեժ պայքարը գնալու է այդ երկու թեկնածուների՝ Արամ Դանիելյանի և Սասուն Միքայելյանի միջև:

– Բացարձակ: Ես երիտասարդ մարդ եմ, երկու թեկնածուներն էլ անցել են հետաքրքիր ճանապարհ, բնականաբար, ունեն իրենց համոզմունքները, համակիրները, ես նույնպես ունեմ իմ հզոր թիմը, որը ինձ հետ է, ես վայելում եմ հազարավոր քաղաքացիների համակրանքը և վստահությունը, կարծում եմ՝ կլինի հավասարների մրցակցություն:

– Ո՞ւմ եք Ձեզ համար պոտենցիալ մրցակից համարում, և Ձեր չընտրվելու դեպքում՝ կուզեք ո՞վ ընտրվի:

– Ես բոլորին համարում եմ մրցակիցներ, առավելություն որևէ մեկին չեմ տալիս, բացառապես հրազդանցին է որոշելու, թե ով է հաղթելու: Հիմա ասում են՝ մեկն ունի փող, մեկն ունի վարչական լծակներ, դաբրո և այլն: Ամեն ինչ զրո նշանակություն ունի, եթե քվեարկողը գնում է ընտրության իր խղճի կամոք:

– Ինչո՞վ եք վստահ, որ ընտրություններն արդար են անցնելու, Դուք ինքներդ ի՞նչ եք անելու, որ չկեղծվեն ընտրությունները:

– Ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրություններն անցնեն ազատ և արդար ձևով: Մենք հանձնաժողովներում հանձնաժողովի անդամներ ենք ներկայացնելու: Ես ամեն տեղամասում ունենալու եմ մեկ հանձնաժողովի անդամ, մեկ վստահված անձ:

Տեսանյութեր

Լրահոս