
Պուտինն առաջարկել է ԵՏՄ-ում զրոյացնել նարնջի, աղաղած կաշվի ներկրման մաքսատուրքերը

Ռուսաստանն առաջարկել է մեկ տարով զրոյացնել նարինջի ներկրման համար սահմանված մաքսատուրքը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական պորտալին:
Նման որոշումն առաջարկվում է տարածել նաև անիսոնի, աղաղած կաշվի, նաև քիմիոնի սերմերի նկատմամբ:
«Առաջարկվող միջոցառումների նպատակն է ներքին շուկան գյուղատնտեսական ապրանքների որոշակի տեսակներով հագեցնելը, որոնք չեն բավարարում ԵՏՄ անդամ պետությունների պահանջարկը, ինչպես նաև հումքով ապահովել կոշիկի և կաշեգործության ոլորտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ներմուծման տուրքերի փոփոխության իրավասությունը պատկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որտեղ էլ ներկայացվել է ռուսական կողմի առաջարկը:
Դրական որոշում կայացնելու դեպքում մաքսատուրքերի նոր դրույքաչափերը կգործեն ԵՏՄ անդամ բոլոր երկրներում՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան և Ղրղըզստան: