«Երբ ընկերություն եք բացում՝ բոլորին դեմ եք գնում, իսկ աշխարհը դեմ է գնում ձեզ». Մայքլ Մորիտցեմ
Y Combinator ստարտափի նախագահ Սեմ Ալթմանն իր գործընկեր, Sequoia Capital-ի ղեկավար Մայքլ Մորիտցեմի հետ անձնական զրույց է ունեցել այն մասին, թե ինչպես պահպանել Սիլիկոնյան հովտի ամենահաջողակ վենչուրային ֆոնդի կոչումը:
Ալթմանն այնքան տպավորված էր Մորիտցեմի մտքերով, որ խնդրել է նրան հրապարակել զրույցից մի փոքր հատված:
Ներկայացնում ենք Մորիտցեմի խոսքը:
Երեկը կապ չունի
Ինչպե՞ս ենք մենք սա արել: Սա շատ ու շատ վիրավորական է հնչում: Դուք կարող եք կարդալ արդյունավետության սկզբունքների մասին ու կտեսնեք, որ ամեն ինչ շատ պարզ է: Դժվար է դա անել ամեն օր, ամեն շաբաթ, ամիս, ամեն տարի ու անընդհատ հարվածներ ընդունել:
Այս յուրահատկությունն ունեն տեխնիկայի ոլորտի բոլոր լիդերները:
Նրանք ուզում են համոզված լինել, որ իրենց ապրանքը միշտ ժամանակակից է. նրանք երբեք կանգ չեն առնում ինչ-որ բան ձեռք բերելուց հետո, նրանք միշտ ունեն անվստահության զգացում, մտայնություն, որ նրանք կարող են պարտվել մրցակիցներին, և, որ նախորդ հաջողությունները ոչինչ չեն նշանակում:
Նորացրեք թիմը
Լավ աշխատանքի ևս մեկ գրավական է թիմը: Թիմում պետք է լինեն մարդիկ, ովքեր ուզում են աշխատել: Կապ չունի, թե ինչ հաջողություններ են ունեցել նրանք նախորդ տարիներին, ինչպես են աշխատել: Եվ եթե թիմի անդամը չի ցանկանում սրտանց աշխատել, ապա պետք է բաց թողնել նրան: Պետք չէ նաև թիմը լրացնել 30 տարվա փորձ ունեցող մասնագետներով, քանի որ լավ աշխատելու համար պարտադիր չէ աշխատանքային շատ մեծ փորձ ունենալ: Մենք ունենք շատ աշխատակիցներ, ովքեր որպես մասնագետ՝ կայացել են այստեղ:
Փոփոխվեք շուկայի հետ
Անընդհատ հետևեք շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, քանի որ սա ոլորտ է, որտեղ պարբերաբար լինում են նորություններ: Ժամանակին, երբ Չինաստանում մենք սկսում էինք մեր գործունեությունը, բոլորը մեզ ասում էին, որ մենք քայլեր ենք կատարում մեր դեմ: Բոլորը մտածում էին, որ մենք հերթական ամերիկացիներն ենք, որ փորձում ենք Չինաստանում ինչ-որ հաջողության հասնել: Բայց Չինաստանում մեր աշխատակիցների շնորհիվ մենք կարողացանք առաջ շարժվել: Մենք գիտեինք, որ հետագայում Չինաստանը դառնալու է առաջատար այս ոլորտում:
Ես չեմ ուզում, որ ինքնագովազդի նման հնչի, բայց մենք կարողացանք դա անել: Մենք շատ ու շատ սխալներ ենք արել, դրանից ապահովագրված չէ ոչ ոք:
Երբ դուք ընկերություն եք բացում կամ մասնակցություն եք ունենում դրա ստեղծման մեջ, դուք միշտ բոլորին դեմ եք գնում, իսկ աշխարհը դեմ է գնում ձեզ: Մեծ ընկերությունները մտածում են, որ կարող են կոտրել փոքրերին, քանի որ նրանք ավելի շատ ռեսուրսներ ունեն:
Սա շատ զվարճալի է. ցույց տվեք միջնամատ բոլոր մեծ ընկերություններին, ովքեր ձեր դեմ էին կանգնել: Ահա այն պատճառը, որ ես սիրում եմ անել այն, ինչ անում եմ հիմա:
Սիրարփի Աղաբաբյան