
Ի՞նչ է աղոթքը

– Ի՞նչ է աղոթքը:
– Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելու ամենաանմիջական ճանապարհն է, անկեղծ և սրտաբաց զրույց Աստծո հետ: Ինչպես հացը մարմնի սնունդն է, առանց որի մարդը չի կարող իր ֆիզիկական գոյությունը պահպանել, այնպես էլ աղոթքը հոգու սնունդն է, առանց որի հոգին հիվանդանում է: Այն մեր հոգու տենչն է դեպի վսեմը, գեղեցիկը, բարին, այսինքն` դեպի Աստված: Եկեղեցու Ս. Հայրերն աղոթքն անվանել են «հոգու շունչ», և այն համարել հոգևոր կյանքի առանցքը, որովհետև աղոթքը հոգու ուղղակի հանդիպումն է Աստծո հետ: Ինչպես որ եթե մարմնի մեջ շունչ կա, ապա մարմինն ապրում է, այդպէս էլ հոգին է, եթե անդադար աղոթք կա, ապա հոգին ապրում է, եթե չկա աղոթք, ապա հոգին մեռած է: Այս է պատճառը, որ Ս. Գիրքը պատվիրում է անդադար և առանց ձանձրանալու մշտապես աղոթել:
armchurch.info