«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության պատասխանը ՏՄՊՊՀ-ին
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։
«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ:
Մեր ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը»,- ասված է ընկերության տրամադրած հաղորդագրությաբ մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում հրապարակվեցին «Կոկա Կոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց 50 միլիոն դրամ տուգանք: Վարույթը հարուցվել է «Ջերմո ւկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա: Մասնավորապես, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով, տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը: Իր արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ նշյալ բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա Կոլա» ընկերության ըմպելիքները :