Մուլտիմիլիոնատերերի թիվը կարող է 41 տոկոսով աճել մինչև 2025 թվականը

Աշխարհում ավելի քան 30 մլն դոլար գումարի ակտիվներ ունեցող մարդկանց թիվը 2015 թվականին կրճատվել է 3 տոկոսով՝ մինչեւ 187 հազար, ընդ որում՝ նվազումը գրանցվել է 2008 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին ասված է Knight Frank բրոքերական ընկերության հաշվետվության մեջ:

Մեծ կարողության տեր քաղաքացիներից շատերն անցյալ տարի վնասներ են կրել ֆոնդային շուկաների անկման պատճառով այն դեպքում, երբ նավթի գների փլուզումը մուլտիմիլիոնատերերի թվի կրճատման հանգեցրեց Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում: Արժույթների փոխարժեքների նվազումը նույնպես ազդել է զարգացող երկրների միլիոնատերերի կարողության վրա:

Բրազիլիայում գերհարուստ քաղաքացիների թվաքանակն անցյալ տարի կրճատվել է 12 տոկոսով, Սաուդյան Արաբիայում՝ 8 տոկոսով, Ռուսաստանում՝ 5 տոկոսով, ԱՄՆ-ում՝ 2 տոկոսով, Չինաստանում՝ 1 տոկոսով:

Ընդամենը Հյուսիսային Ամերիկայում ապրում Է 30 մլն դոլարից ավելի կարողություն ունեցող շուրջ 69,3 հազար մարդ, Եվրոպայում՝ 46,2 հազար, Ասիայում՝ 41,1 հազար: Սպասվում է, որ Ասիան առաջիկա տասնամյակում կտեղափոխվի երկրորդ հորիզոնական:

Knight Frank-ի փորձագետները մուլտիմիլիոնատերերի թվի 41 տոկոս աճ են սպասում մինչեւ 2025 թվականը: Նախորդ տասը տարվա ընթացքում գերհարուստ բնակչության թվաքանակն ավելացել է 61 տոկոսով:

2015 թվականին միլիոնատերերը 178 մլրդ դոլար են ներդրել անշարժ գույքի բնագավառում: Ամենատարածված կատեգորիան դարձել են հյուրանոցները:

Տեսանյութեր

Լրահոս