«Մենք ևս աշխատում ենք Գյումրիում անհարմար պայմաններում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ». Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ևս աջակցում է Գյումրիի լքված տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին աջակցելու մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը: Քիչ առաջ աշխարհի հեղինակավոր բեմերը նվաճած ռոք երաժիշտը՝ իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, ակտիվիստ Լևոն Բարսեղյանի նամակ-խնդրագրին, գրել է, որ սա շատ լավ նախաձեռնություն է արտիստների ու ակտիվիստների կողմից: «Մենք ևս դիտարկում էինք Գյումրիում բնակվող մարդկանց անհարմար պայմաններն ու աշխատում ենք աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- նշել է Թանկյանը:

Հիշեցնենք, որ «Ասպարեզ» ակումբի ղեկավարն իր նամակում խոսել էր մի խումբ երիտասարդ ակտիվիստների նախաձեռնության մասին, որի շրջանակներում բրիտանական կայքերից մեկում դրամահավաք է կազմակերպվել անօթևանների համար կացարաններ ապահովելու նպատակով։ Լևոն Բարսեղյանը նաև հորդորել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին՝ իր աջակցությունը ցուցաբերել նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ օրերս նախաձեռնությանն իր բարեգործական համերգով միացել էր նաև աշխարհահռչակ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը, համերգ ունենալով Գյումրիի ամենաանմխիթար տնակային ավաններից մեկում՝ Ֆանտաններում:

Տեսանյութեր

Լրահոս