Համաշխարհային բեմերից՝ «Ֆանտաններ». Տիգրան Համասյանի համերգը Գյումրիում

Շուրջ 28 տարի է, ինչ Գյումրին չի կարող ձերբազատվել «աղետի գոտի» բնորոշումից: Արտագաղթի սարսափելի տեմպերն ու աղքատության նմանօրինակ մեծ ցուցանիշը, իհարկե, թողել ու այսօր էլ թողնում են իրենց ցավոտ հետքը: Սա Գյումրու մեծագույն ողբերգությունն է, ամենամեծ խնդիրը, որը չի լուծվում տարիներ շարունակ:

Շուրջ մեկ ամիս առաջ բրիտանական Crowdfunder կայքում սկսվել է դրամահավաք, որի նպատակն է բնակարանով ապահովել գյումրեցի 13 անօթևան ընտանիքների:

Նախաձեռնության հեղինակներից գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը մի քանի տարի առաջ ստեղծել էր «Ամոթի օր» խորագրով լուսանկարների շարք, որում արտացոլված էին Հայաստանի երկրորդ քաղաքի ծայրահեղ աղքատ ընտանիքները. դեկտեմբեր 7-ը հայտարարվել էր ամոթի օր: 1_640x361

Նախաձեռնության շրջանակներում իրականացվող մի շարք միջոցառումներից թերևս իր բնույթով և ձևաչափով առանձնացավ աշխարհահռչակ ջազմեն, գյումրեցի երաժիշտ Տիգրան Համասյանի համերգը, որը տեղի ունեցավ Գյումրու ամենաաղքատ և անբարեկարգ «Ֆանտաններ» տնակային թաղամասում, անապահով ընտանիքներից մեկի տան հարակից բաց տարածքում: Ճանապարհը դեպի կայանալիք համերգի վայրը գյումրեցիների համար կարծես թե սովորական առօրեական դժվարություն էր, սակայն Երևանից և Հայաստանի այլ մարզերից Գյումրի ժամանած հանդիսատեսի համար դա թերևս իրական փորձություն էր. անբարեկարգ ու անանցանելի փողոցներ, անմխիթար տնակներ, լքված և կիսավեր շենքեր: 2_640x361

Համերգի մեկնարկից մի քանի ժամ առաջ Համասյանի երաժշտության սիրահարներն արդեն իսկ տեղում էին: Երաժշտի առաջին նվագի հնչյունների հետ «դահլիճում» տիրեց քար լռություն, որն ընդհատվում էր բուռն ծափահարություններով: Համերգի ընթացքում Տիգրանը հանդիսատեսի հետ հաղորդակցվում էր գյումրեցու բարբառով և գյումրեցուն հատուկ հումորով: Համերգային ծրագիրը ևս ընտրված էր տեղին ու առիթին համահունչ՝ անտարբեր չթողնելով հանդիսատեսին. գյումրեցիները հուզված հետևում էին երաժշտի նվագին: Մոտ մեկ ժամ տևած համերգի ավարտին Գյումրու փողքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Տիգրան Համասյանին շնորհեց Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալ: 3_640x361

Դրամահավաքի ավարտին մնացել է 3 շաբաթ: Հարկավոր 120 000 ֆունտ ստերլինգ գումարից այս պահին հավաքագրվել է 35 000 դոլարին համարժեք ֆունտ ստերլինգ: Բրիտանական կայքում շարունակվող դրամահավաքի պայմաններից մեկը հետևյալն է. եթե գումարը լիովին չհավաքագրվի մինչև ժամկետի ավարտը՝ մարտի 20-ը, ապա հավաքագրված մնացած գումարը կսառեցվի և հետ կուղարկվի գումարը փոխանցողներին: 4_640x361 6_640x361 7_640x361 8_640x361 9_640x361

Գյումրի

Գայանե Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս