«Ուրիշը կվերցնի՝ կասի. «Հլա սրան էլ նայի, սա էլ է բացակայում, չի էլ ամաչում»». Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ 2016թ. ընթացքում ամենակարևոր օրենքը, որ ԱԺ-ն պետք է ընդունի, Օրենք-կանոնակարգն է. «Ընտրական օրենսգիրքը կարող ենք ընդունել, ընդունելի մակարդակի ընտրություններ ունենալ, պատկերացնենք՝ հիպոթետիկ ամեն ինչ լավ է, եթե կանոնակարգը վատը լինի, ի՞նչ է անելու այդ ընտրված պառլամենտը: Այս նույն կանոնակարգով լինի՝ նույն վիճակն ենք ունենալու»:

«Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի ««ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ նա ընդգծեց՝ եթե դու տիրապետում ես կանոնակարգի նրբություններին, կարող ես այն խաղացնել. «Օգտագործելով կանոնակարգի նրբությունները՝ կարողացել եմ այնպես անել, որ իմ առաջարկած օրենքի նախագիծն անցնի: Հանձնաժողովում ասել եմ՝ խնդրում եմ, դեմ քվեարկեք, որովհետև երբ դեմ են քվեարկում, կարողանում եմ կարևոր ճանաչել, և այն մտել է քննարկման օրակարգ: Հիմա ի՞նչն է խանգարում բոլոր ընդդիմադիր ուժերին՝ երբ հանձնաժողովում ասում են, որ մերժում են, պատասխանեն՝ մերժիր, հենց հիմա մերժիր, ես այն ճանաչելու եմ շատ կարևոր ու մտցնելու եմ մեծ օրակարգ, և անպայման քննարկվելու է: Արդյունքում՝ մեծամասնությունը կունենար նաև դեմ քվեարկություններ»:

Ըստ Թ. Պողոսյանի՝ շատ նուրբ տեխնոլոգիա է, երբ կառավարությունը կամ ԱԺ-ն (նայած՝ ով է ավելի լավ տիրապետում կանոնակարգին), օգտագործում են օրենսդրական գործունեության նրբությունները. «Հերթական քառօրյայում բերում են երկրի համար ոչ այդքան կարևոր օրենքի նախագիծ, բոլորը ոգևորված խոսում են, գալիս է դեկտեմբերի վերջ, այդտեղ իրենք ասում են՝ բոլորդ հոգնա՞ծ եք, շտապո՞ւմ եք, հավես չունե՞ք խոսելու, կամ այստեղ չե՞ք, որ բոյկոտեք, դե հիմա վերցրեք փաթեթն ու ամեն ինչ արագ արեք: Այստեղ գալիս է խնդիր, որ մենք պետք է հասկանանք՝ ինչպես կանոնակարգն օգտագործենք, որ հասցնենք»:

Թ. Պողոսյանը նշեց, որ երբեք չբացակայած պատգամավոր է, բայց զեկույցում նշվում է, որ 28 անգամ բացակայել է. «Ոչ մի տեղ չեք կարդա, որ այդ բացակայություններիս ընթացքում եղել եմ գործուղման՝ կատարելով իմ ծառայողական պարտականությունները: Ուրիշը կվերցնի՝ կասի՝ հլա սրան էլ նայի, սա էլ է բացակայում, չի էլ ամաչում»: Պատգամավորը պառլամենտ-մոնիտորինգին կոչ արեց անդրադառնալ նաև որակական ցուցանիշին:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս