Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսական Սմիթը կոչ է արել ԱՄՆ-ին ու ԵԱՀԿ-ին լուծել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը
Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծի (HR 4264) հեղինակ Քրիստոֆեր Սմիթը կոչ է արել ԵԱՀԿ-ի ղեկավարությանը, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ:
«Ես երկու անգամ հանդիպել եմ նախագահ Ալիևի հետ Բաքվում ու հուսով եմ նրա հետ տեսնվել այստեղ՝ Վաշինգտոնում»,- ասել է Սմիթը ադրբեջանական Turan լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով մարտի վերջին Ալիևի ԱՄՆ կատարելիք այցը միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի աշխատանքներին։
Պատասխանելով այդ փաստաթղթի հեռանկարի վերաբերյալ հարցին, Սմիթն ասել է. «Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում այդ օրինագծին: Մենք փորձում ենք համոզել Իլհամ Ալիևին ու նրա կառավարությանը, որ լրագրողների ու ընդդիմադիրների հանդեպ բռնությունները լավ ճանապարհ չեն: ԱՄՆ-ը ցանկանում է լինել Ադրբեջանի ու նրա կառավարության մտերիմ ընկերը։ Ընկերները չպետք է ընկերներին թույլ տան իրականացնել մարդու իրավունքների խախտումներ։ Անհնար է պարզապես շրջել էջը, երբ ձեզ մոտ կա շուրջ 100 քաղբանտարկյալ և այդ թիվը, թվում է, շարունակում է ավելանալ»,- ասել է կոնգրեսականը:
«Լրագրողները երբեմն գրում են բաներ, որոնք մեզնից ոչ ոքի դուր չեն գալիս: Սակայն, եթե պարզվում է, որ ձեզ մոտ դա համակարգային խնդիր է, եթե կա կոռուպցիա, դուք պետք է ազատվեք կոռուպցիայից, այլ ոչ թե լրագրողներից»,- հավելել է Սմիթը:
Երեկ Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի նիստում Սմիթը ուղերձ է հնչեցրել՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ կապված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ու ադրբեջանցի մյուս քաղբանտարկյալների հետ:
Նա կոչ է արել հասնել Խադիջայի ու մյուս քաղբանտարկյալների ազատ արձակմանը: «Եթե դուք այցելեք Ադրբեջան, խնդրում եմ, հանդիպեք Խադիջայի հետ անձամբ»,- ասված է Սմիթի ուղերձում:
Ի պատասխան՝ Շտանմայերն ասել է, որ վերջերս է հանդիպել Ալիևի հետ Մյունխենի գագաթաժողովի ժամանակ ու հայտնել է, որ առաջիկայում կայցելի Ադրբեջան: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել ԶԼՄ-ների ազատությունը, հուսով ենք, որ կգտնենք այդ հարցի լուծումը»,- ասված է Շտայնմայերի պատասխանում:
Նշենք, որ «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» Քրիս Սմիթի կողմից ներկայացվել է 2015թ. դեկտեմբերի 16-ին:
Եթե օրենքը ընդունվի, ապա ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամներին ու նրանց մերձավոր ազգականներին:
Այցագրային պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական եկամուտ են ստանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ գործնական հարաբերություններից կամ նրանց ընտանիքների անդամներից:
Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու դատական ճյուղերի ներկայացուցիչները, որոնք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին:
Բացառություն է արվելու միայն այն պաշտոնատար անձնանց համար, որոնք ԱՄՆ են ուղևորվում՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին:
Պատժամիջոցները նախատեսում են նաև սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման, վարկավորման ու ապահովագրական ոլորտներում, Ադրբեջանին բազմակողմ ֆինանսական օգնության տրամադրման հարցում:
Օրինագիծը նախատեսում է նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում:
Ներկայում այդ փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել Նյու Յորք նահանգից դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը և Ջո Հեքը (հանրապետական, Նևադա նահանգ):
Բաքուն այդ օրինագիծը համարում է «հայամետ»՝ Սմիթին մեղադրելով նրանում, որ նա հանդես է եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ընդունման օգտին:
«Հայերն ընդհանրապես կապ չունեն դրա հետ, ավելին, նրանք ընդհանրապես տեղյակ էլ չէին նման օրինագծի նախապատրաստման մասին»,- ավելի վաղ հայտարարել էր Սմիթը: