Ջորջո Արմանին հիասթափված է ժամանակակից դիզայներներից
Իտալացի մոդելագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին քննադատել է նոր հավաքածուները, որոնք ժամանակակից դիզայներները ցուցադրել են Միլանում կազմակերպված Նորաձեւության շաբաթվա շրջանակներում: «Ես ոչ մի նոր բան չտեսա»,-նրա խոսքը մեջբերել է Fashionmag-ը:
Արմանին կարծում է, որ հարթակների վրա ողջ ներկայացվածը ոճերի խառնուրդ է: «Հասկանալի է, որ, ամեն ինչ խառնելով, մենք մեզ ոչ մի վտանգի չենք ենթարկում»,-ասել է նա եւ հավելել, որ դիզայներների մեծ մասի համար դժվար է իրենց հավատարիմ մնալ եւ չտրվել արտաքին ազդեցությանը: «Ես նույնպես գիտեմ, որ դժվար է աշխատել հարափոփոխ աշխարհում: Մենք պետք է հետեւենք շուկային, բայց չտրվենք նրան»,-ամփոփել է Արմանին:
Giorgio Armani s.p.a ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնարկատեր Սերջո Գալեոտիի կողմից: Այս բրենդի ներքո վաճառվում է հագուստ, կոշիկ եւ տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված աքսեսուարներ, ինչպես նաեւ ժամացույցներ, զարդեր, կահույք եւ դեկորի առարկաներ:
Ավելի վաղ նորաձեւության ինդուստրիայի քննադատությամբ հանդես է եկել մեկ այլ մոդելագործ՝ Chanel-ի կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը: Նրա դժգոհության առիթ էր դարձել նոր հավաքածուների իրերը դեֆիլեից անմիջապես հետո վաճառելու մի քանի ընկերությունների նախաձեռնությունը: Լագերֆելդն այն կարծիքին է, որ դա կհանգեցնի նորաձեւության ինդուստրիայի վախճանին: