Հայկական «5900BC» ապրանքանիշը երկրորդ անգամ կներկայացվի Մոսկվայի միջազգային ցուցահանդեսում
Մոսկվայում փետրվարի 23-26-ը տեղի կունենա CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական նորաձևության «5900 BC» ապրանքանիշը կմասնակցի երկրորդ անգամ՝ ներկայանալով իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուով՝ «Winter charm» խորագրի ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, մասնակից երկրների թիվը 23-ն է: Սպասվող ավելի քան 17 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմելու են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:
«5900 BC» ապրանքանիշը ՄԱԱԶԿ (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրում ընդգրկված հագուստ արտադրող հայ մասնագետների և հմուտ իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի արգասիքն է:
2014թ. սեպտեմբերին մեկնարկած ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: Ծրագիրը միտված է Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանը և զարգացմանը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ՝ հիմնվելով հագուստի արտադրության արդիականացման ոլորտի վերաբերյալ ՄԱԱԶԿ մասնագիտական գիտելիքների և համաշխարհային փորձի վրա:
Այսօր Հայաստանում գործող հագուստ արտադրող ձեռնարկություններից ութը միավորվել են «5900 BC» ապրանքանիշի ներքո՝ մշակելու և ստեղծելու նորաձև հագուստի համատեղ հավաքածուներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին: Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում:
Մեկ տարվա ընթացքում «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խումբը կարողացավ մշակել ու ստեղծել որակապես բարձր հագուստի երեք հավաքածուներ, դրանք ցուցադրել տարբեր ցուցահանդեսներում, ստեղծել գործնական կապեր Ռուսաստանում նորաձև հագուստի խոշորագույն արտադրողների և իրացնողների հետ: