
«Եթե հասարակությունը մեզ չօգնի գողության դեմ պայքարել, ապա մենք չենք հրատարակի». Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը երազում է, որ Հայաստանում գրահրատարակչությունը բիզնես դառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց նա:
«Հայաստանում գրահրատարակչությամբ զբաղվելն ամենաանշնորհակալ գործերից մեկն է: Իմ երազանքն է, որ Հայաստանում գրահրատարակչությունը բիզնես դառնա, բայց այդպես չէ: Ուզում եմ, որ ամեն օր ավելի շատ թարգմանություններ անենք, հեղինակներ հրատարակենք, հանենք միջազգային շուկա»,- նշեց նա` հավելելով, որ հրատարակիչները վնասով են աշխատում:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` հրատարակիչները մեծ գումարներ են ծախսում գրքեր լույս ընծայելու և թարգմանելու վրա, սակայն այնպես է ստացվում, որ հրատարակելու հաջորդ օրը գիրքը հայտնվում է կայքերում:
«Եթե հասարակությունը մեզ չօգնի գողության դեմ պայքարել, ապա մենք չենք հրատարակի»,-շեշտեց նա:
«Անտարես»-ը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց բեսթսելերների տարվա հրատարակիչը: