ԵՄ-ն պահանջում է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում
Եվրամիությունը հանդես է եկել պահանջով՝ Սիրիայում ստեղծել անվտանգության գոտի՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Հայտարարությունն արվել է ԵՄ երկրների ղեկավարների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի արդյունքում, հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գագաթաժողովում ասել է, որ այդկերպ ԵՄ-ն փորձում է օգնել ոչ միայն քաղաքացիական սիրիացիներին, այլև ընդառաջ գնալ Թուրքիային:
«Մենք արտահայտվել ենք այն բանի օգտին, որ բանակցային գործընթացի ընթացքում հստակ ընդգծենք անվտանգության գոտիները, որոնցում քաղաքացիական բնակչությունը կարող է անվտանգ լինել: Դա վերաբերում է, օրինակ, թուրքական սահմանի մոտի ու Ազազ քաղաքի բնակչությանը»,- ասել է Մերկելը:
Կանցլերը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ու նրանց, ով աջակցում է նրան՝ հնարավոր դարձնել բանակցային մակարդակում որոշման ընդունումը:
Գագաթաժողովի վերջում կոչ է արվել Ասադի ռեժիմին՝ անհապաղ դադարեցնել ավիահարվածները չափավոր սիրիական ընդդիմության դիրքերին: