
ԱՄՆ փոխնախագահը Պորոշենկոյին կոչ է արել վերադարձնել հասարակության վստահությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է վարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ՝ կոչ անելով նրանց ստեղծել խորհրդարանական կոալիցիա ու շարունակել երկրում բարեփոխումների անցկացումը, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, Բայդենն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է միավորվեն՝ վերադարձնելու հասարակության վստահությունը, ինչպես նաև ուժեղացնեն պայքարը կոռուպցիայի դեմ:
Նշվում է, որ քննարկելով Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը, Բայդենն ասել է, որ դրա լուծման միակ եղանակը մինսկյան համաձայնագրերը կյանքի կոչելն է:
Նա նաև շնորհավորել է ուկրաինացիներին հեղափոխության երկրորդ տարեդարձի կապակցությամբ ու ընդգծել, որ տպավորված է այն առաջընթացից, որ գրանցել է երկիրն այդ ժամանակից ի վեր:
Նախօրեին Գերագույն ռադան պաշտոնապես հայտարարեց կոալիցիայի փաստացի փլուզման մասին: