Բաժիններ՝

Շիրակի մարզում գյուղտեխնիկայի քանակը նվազել է

Asparez.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքինության մասին տեղեկատվություն, որն ընդգրկում է մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը ներառյալ։

Մասնավորապես, Շիրակի մարզում, այս տարվա հունվարի 1-ին հաշվառվել է 1,655 տրակտոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,762-ի փոխարեն։ Ընդհանուր քանակի նվազմանը զուգահեռ, չնչին ցուցանիշով աճել է աշխատող տեխնիկայի թիվը։ Ներկայում կա անխափան աշխատող 1 195 տրակտոր, կամ եղածի 71,8 տոկոսը, իսկ 2015-ին եղել է՝ 1,191 հատ, կամ 71,2 տոկոսը։

Ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել բեռնատար ավտոմեքենաների պարագայում։ Համեմատվող երկու տարում էլ ընդհանուր քանակը եղել է 1,294 հատ, որից սարքին վիճակում է 963-ը, կամ 74,4 տոկոսը։

Շիրակի մարզը, համարվելով հանրապետությանը հացահատիկ մատակարարող առաջատար մարզերից մեկը, ունի հացահատիկային մշակաբույսերի հավաքման մեքենաների լուրջ խնդիր։ Այս մասին բազմիցս բարձրաձայնում են տարբեր շրջանների համայնքապետերը, նույնիսկ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավիրած մարզխորհրդի նիստերի ընթացքում։ Սակայն խնդիրը, կարծես, լուծում չի ստանում։ Եղած հներին նորերը չեն ավելանում, ավելին՝ պիտանիներն են նվազում։ 2015 թվականի 322 հացահատիկահավաք կոմբայնները 2016-ին դարձել են 319։ Սակայն նախորդ տարվա 213 սարքին կոմբայններին վերանորոգվել եւ միացել են եւս երկուսը։

«Ասպարեզը» բազմիցս անրադարձել է նաեւ այն խնդրին, որ մարզում չկա շաքարի ճակնդեղ ցանող համապատասխան սարքավորում։ Մասնավորապես, Ախուրյանի եւ Արեւիկի հողագործները, ովքեր ավելի ընդգրկուն հողմասերում են աճեցնում այս բուսատեսակը, բողոքում են, որ սերմը հողին հասնում է կորուստներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս