Բաժիններ՝

Անկարան փորձում է խախտել կանոնները

Այն պահին, երբ միջազգային ընտանիքը սկսել էր թվականով խոսել Սիրիայում զինադադար հաստատելու մասին, Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վրա քրդական կենտրոնների դեմ իրականացված հարձակումները մագլցողականության նոր աստիճանաչափ արձանագրեցին:

Արդեն պարզ էր դարձել, որ ժնեւյան բանակցությունները խափանողը` նախապայմանային մոտեցումներով Անկարան էր, որ անընդհատ փորձում էր խոչընդոտել քրդական մասնակցությունը: Արեւմուտքի պահվածքը այստեղ տարանջատում բերող էր` Թուրքիայի քրդերը ահաբեկչական որակելով եւ այդ պիտակավորումից դուրս թողնելով սիրիական Քուրդիստանը։ Արդյունքը այն էր, որ ժնեւյան բանակցությունները իրողապես խափանվում էին. միջազգային ընտանիքի գնահատականը ուշանում էր. ո՞վ էր բանակցությունների մեկնարկը արգելակողը:

Մյունխենի հանդիպումը սկսել էր խոսել զինադադարի մասին, որի սկզբունքով պետք է հաջորդեին բանակցությունները: Զինադադարի տեսանելիությունը շատ անորոշ էր, այսուհանդերձ հայտարարի շուրջ համաձայնության գալը` պատերազմական գործողությունները մի հանգրվանի համար դադարեցնելու, սկսել էր ուրվագծվել իբրեւ ռուս-ամերիկյան ընդհանուր համաձայնություն:

Նման մթնոլորտում էր փաստորեն, որ Անկարան իրեն դեմ ուղղված քրդական հարձակումները պատրվակելով դիմեց ռազմական քայլի, ռմբակոծելով քրդական հենակետերը` սիրիական տարածքների վրա:

Թվում է, որ ԻՊ-ը ու քրդական գործոնը հետզհետե նահանջում են երկրորդ պլան, եւ պատերազմը հետզհետե կտեղափոխվի ռուս-թուրքական հարթություն: Մի կողմից սիրիական կառավարական, ռուսական, որոշակիորեն իրանյան եւ քրդական, մյուս կողմից թուրքական, ԻՊ-ական եւ գեթ պատրաստակամություն հայտնելու առումով սաուդյան ճակատ:

Արդեն իսկ միջազգային մամուլը սկսել է խոսել կայուն տեղաշարժերի մասին, որոնք անուղղակիորեն ընդգծում էին ռուսական ուժերի, կառավարական ուժերի եւ քուրդ զինյալների ռազմական գործողությունների հայտնաբար համակարգված լինելու մասին:

Ցամաքում տեղաշարժը, Արեւմուտքի կամ ավելի ճիշտ Վաշինգտոնի կողմից արգելակումը Անկարայի առաջադրած միջազգային երաշխիքով անվտանգության գոտի ստեղծելու, ավելի հետ գնալով, դարձյալ Վաշինգտոնի հետ համաձայնեցված ռուսական օդուժի աշխույժ ներգրավումը սիրիական պատերազմին, բայց մանավանդ Արեւմուտքի ցուցաբերած հովանավորությունը քրդական գործոնի կողմից արձանագրվող զարգացմանը, Անկարային մղում են ժնեւյան բանակցությունները կամ մյունխենյան զինադադարները նման եղանակներով խափանելու: Անկարայի քայլը նեղ իրավիճակում հայտնված պետության քայլ է, որ միայն Վաշինգտոնի ուղղված հայտարարություններով չի բացատրվում` ԱՄՆ-Ն պետք է ընտրություն կատարի քրդերի եւ Անկարայի միջեւ:

Թվում է, որ Վաշինգտոնը արդեն որոշ առումով կատարել է այդ ընտրությունը: Անկարան առայժմ միայն ունի Ռիադի զինակցությունը սիրիական տարածքներ ռմբակոծելու իր վարքագծում: Իսկ Ռիադը նեղ կացության մատնված պետությանը աջակցելու ի՛ր պատճառները ունի, որոնք բխում են իր հերթին նեղ կացության մատնված լինելուց:

Նավթային պետական համակարգի երկիրը հայտարարել էր իր պատրաստակամությունը սիրիական տարածք ցամաքային ուժերով ներխուժելու: Սաուդյան Արաբիան օդանավեր է տեղակայել Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայում։ Փետրվարի 14-ին այդ մասին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշողլուն: Սաուդյան օդուժը, ըստ հայտարարությունների, պիտի ներգրավվի ԴԱԵՇ-ի դեմ պայքարին:
Խնդիրն այն է, որ Վաշինգտոնի երկու ռազմավարական գործընկերները իրենց նախկին նշանակությունը չեն ներկայացնում: Թուրքիայի մասնատման հավանականությունների մասին հետզհետե բազմանում են հրապարակումները, իսկ նաւթը հետզհետե արժեզրկվում է:

Արտակարգ իրավիճակներ ստեղծելու միտող քայլերը պարզապես ժամանակավոր կացություն են ստեղծում եւ կարող են միայն հետաձգել աշխարհաքաղաքական կենտրոնների որոշած երկարաժամկետ ծրագրերը:

Ռուսական օդուժի աշխույժ ներգրավումը, Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վրա գործող քրդական հենակետեր ռմբակոծումը, Սաուդյան Արաբիայի օդուժի ահազանգային վիճակում գտնվելն ու թուրքական ռազմակայաններ տեղակայումը կամ ցամաքային մասնակցության հավանականության շեշտումը աշխարհամարտի տեղայնացված պատերազմի նախադրյալներն են պարփակում: Իրադրությունների ընթացքը հուշում է, որ աշխարհաքաղաքական ծրագիրը գեթ այս պահի դրությամբ ընթանում է վերահսկելի աշխարհամարտի կանոններով: Այդ կանոնները խախտելու փորձեր է, որ կատարում է Անկարան:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս