«Գևորգ Սաֆարյանն այս պահին անազատության մեջ է իր քաղաքական հայացքների համար». պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը: Գ. Սաֆարյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Գ. Սաֆարյանը դատական նիստին չի մասնակցել: Դատարանն, ըստ փաստաբանի, նպատակահարմար չի գտել Գ. Սաֆարյանին հրավիրել. «Դատարանը նաև մերժեց գործի հրապարակային քննություն կատարելու մեր միջնորդությունը: Խնդրեցինք պարզաբանել, թե որ նորմի վրա հղում կատարելով է դատարանը սա անում, դատարանը որևիցե ձևով չպատճառաբանեց, թե ինչի համար գործի հրապարակային քննություն չի կատարում:

Խնդրեցինք մատնանշել նորմը, նորմը չմատնանշվեց»:

Փաստաբանի խոսքով՝ քննիչը լուրջ «հերքումներ» չի ներկայցրել. քննիչը պարզապես գտնում էր, որ ազատ արձակվելու դեպքում Գ. Սաֆարյանը կխոչընդոտի քննությանը, կազդի վկաների վրա, անգամ կարող է խուսափել ներկայանալ քննիչի կանչով:

Ըստ պաշտպանի՝ ամենայն հավանականությամբ քննիչը շուտով կդիմի դատարան՝ Գ. Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացնելու խնդրանքով, «որովհետև, ըստ քննիչի, Գ. Սաֆարյանն այնպիսի խիստ արարք է կատարել, որ եվրոպական երկրներում, իր բառերով եմ ասում, բավականին խիստ պատիժ է սահմանվում».

«Վարույթն իրականացնող մարմնի տեսանկյունից ՝ սա բավականին խիստ հանցագործություն է՝ ի տարբերություն «Human rights watch»-ի, որը նշել էր, որ հաշվի առնելով հանցագործության աննշան լինելը, առաջրկում է Գ. Սաֆարյանի խափանման միջոցը փոխել»:

Փաստաբանն ասաց, որ այս պահին Գ. Սաֆարյանին կալանավորել են՝ նշելով, թե հանրային շահը կարող է վնասվել՝ եթե նա ազատ արձակվի հանրային շահը կվնասվի այնքանով, որ նա կարող է նոր հանցագործություն կատարել: Փաստաբանի խոսքով՝ ինքը դատարանին ներկայացրել է, որ Գ. Սաֆարյանն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, պայաքարում է իշխանափոխության, հանրային շահի համար. ստացվում է. որ դատարանը գնահատում է հանրային շահերը՝ որն է ավելի արժեքավոր. «Ստացվում է, որ դատարանը գնահական է տալիս ոչ թե, ըստ էության, Գևորգի կատարած արարքին, այլ նրա քաղաքական գործունեությանը, որովհետև դատարանը, գնահատելով Գևորրգի քաղաքական գործունեությունը, գտնում է, որ սա ավելի փոքր հանրային շահ է:

Ստացվում է, որ դատարանը գնահատական է տալիս Գ. Սաֆարյանի քաղաքական գործունեությանը: Ստացվում է, որ դատարանն այսօր ոչ թե քննեց մեր միջնորդությունն իրավաբանական հիմնավորումներով, այլ քննեց, գնատահական տվեց Գ. Սաֆարյանի քաղաքական գործունեությանը: Դրա համար ես կարող եմ ասել, որ Գ. Սաֆարյանն այս պահին անազատության մեջ է իր քաղաքական հայացքների համար»:

Նշենք, որ այս որոշումը վրդովվեցրեց Գ. Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով դատարանի առջև հավաքվածներին, որոնցից մի քանիսը ձվեր նետեցին դատարանի ուղղությամբ: Ակցիայի մասնակիցներն այնուհետև երթով շարժվեցին դեպի ԵԽԽՎ գրասենյակ:

Տեսանյութեր

Լրահոս