«Արման Թաթոյանն ավելի քիչ առնչություն ունի իշխանության հետ, քան Արմեն Հարությունյանն է ունեցել». Լարիսա Ալավերդյան
Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ Մարդու իրավունքների ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արման Թաթոյանը, ինչքանո՞վ կկարողանա երկրում զարգացնել այդ ոլորտը: Ի պատասխան՝ Լ. Ալավերդյանն ասաց. «Այնքանով, որքանով Արմեն Հարությունյանի նկատմամբ կասկածներ ունեիք, հետո կարողացավ»:
Նախկին օմբուդսմենը դեմ է, որ նոր պաշտոնի անցնող մարդու նկատմամբ կասկածներ են ունենում. «Ես անձնական վերաբերմունք ունեմ այստեղ: Քանի կար՝ ինձ հասարակությունն ընդունում էր՝ ինչպես նորմալ, կայացած հասարակական կազմակերպության ներկայացուցչի, հենց նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան, առավոտն իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանը չէ, որ ինձ առաջարկել է, այլ ինձ առաջարկել էր հայաստանցի Անդրանիկ Մարգարյանը: Ես ասում եմ՝ թույլ տվեք այդ տղան մտնի այդ գործի մեջ, փորձեք դրականորեն վերաբերվել»:
Ըստ Լ. Ալավերդյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանը մեզ նման երկրներում չի կայանալու առանց ԶԼՄ-ների և հ/կ ների օժանդակության: Դիտարկմանը, թե անվստահությունը նրանից է, որ թեկնածուն ՀՀԿ-ինն է, Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Ինքը կուսակցության անդամ չէ, ինքն ուղղակի փոխնախարար է, դա ավելի քիչ առնչություն ունի իշխանության հետ, քան Արմեն Հարությունյանն է ունեցել»: