«Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը». Շառլ Ազնավուրը՝ CNN-ի եթերում

Ֆրանսիացի հայտնի շանսոնիե Շառլ Ազանավուրը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքին, որտեղ հաղորդավոր Բեքի Անդերսոնի հետ զրույցում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը:

Հաղորդավարի այն հարցին, թե ինչ է նշանակում երգչի համար հայ լինելը, Ազնավուրն ասում է, որ իր համար ֆրանսիացի լինելն ավելի կարևոր է, քան հայ լինելը, սակայն ինքը հայ է ու դա երբեք էլ չի հերքել: «Ես հայ եմ և ես դա չեմ ժխտում: Դա սարսափելի է: Ես չեմ սիրում նրանց, ովքեր ինչ-որ բաներ են թաքցնում՝ վախենալով, որ ինչ-որ տեղ չեն ընդունվի: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ես գնում եմ, հաջողություն»,- ասում է Ազնավուրը:

Բեքի Անդերսոնի դիտարկմանը, թե աշխարհահռչակ երգիչը Հայաստանում է եղել 2015թ. ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ասել է, թե իր համար կարևոր չէ, որ մարդիկ օգտագործեն «ցեղասպանություն» եզրը, այլ կարևոր է ցեղասպանությունը ճանաչելը, Ազնավուրը պատասխանում է, թե նա «միանգամայն իրավացի է»: «Ֆրանսիացիները ճանաչել են, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն տեղի ունեցածը: Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը: Կրո՞նը … ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք այնտեղ նման բան կա գրված: Բացարձակ, հետևաբար պատճառը կրոնը չէր»,- ասում է երգիչը:

Լրագրողը փորձում է պարզել նաև Ազնավուրի հաջողության գաղտնիքը՝ հիշեցնելով, որ երբ նա սկսում էր իր կարիերան, շատերն էին ասում, թե Ազնավուրը «տգեղ է, ցածրահասակ ու ունի սարսափելի ձայն», սակայն նա հաջողակ է, ինչին ի պատասխան երգիչը նշում է, թե ի դժբախտություն քննադատների, ինքն այստեղ է ու դեռ երգում է: «Ես ամեն գիշեր ընթերցում եմ մեկ ժամ և ամեն գիշեր՝ մինչ քնելը որևէ նոր բան եմ սովորում օտար լեզվով»:

Հարցին, թե ինչ նոր օտար լեզու է սովորում, Ազնավուրը պատասխանում է, թե ռուսերեն:
«Իսկապե՞ս»,- զարմացած հարցնում է հաղորդավարը: «Իսկապես»,- պատասխանում է շանսոնիեն:

Տեսանյութեր

Լրահոս