Տաթևի տարածաշրջանի նորապսակ զույգերը IDeA-ի նախաձեռնությամբ համատեղ նշեցին Տեառնընդառաջի տոնը
Տեառնընդառաջի տոնն այս տարի նույնպես մեկտեղել էր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընդգրկված բնակավայրերի նորապսակ զույգերին: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ նորապսակների համար օրհնության կարգ կատարվեց: Ներկաները վայելեցին նաեւ Տաթեւի վանքի երգչախմբի կատարումները:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվում Տաթեւում: Նորապսակների եւ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական համերգ, հյուրասիրություն, ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն:
«Այս միջոցառումները նպաստում են եկեղեցու շուրջ համախմբմանը, մեր հին ավանդույթների վերականգնմանը: Լիահույս ենք, որ Տեառնընդառաջի տոնին տարածաշրջանի համայնքների երիտասարդ զույգերի համախմբված այցը եկեղեցի գեղեցիկ ավանդույթ կդառնա»,-ասում է Միքայել վարդապետ Գեւորգյանը:
Տոնական միջոցառումների կազմակերպման նպատակը ոչ միայն երիտասարդ զույգերին համախմբելն է, հոգեւոր կյանքի վերազարթոնքին նպաստելը, այլեւ ազգային մշակույթն ու ավանդույթները, տոները ներկայացնելու միջոցով զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում տարածաշրջանում կյանքի աշխուժացումը:
«Արդեն երկրորդ տարին ենք կազմակերպում այս միջոցառումը եւ մտադիր ենք այն ավանդական դարձնել: Ազգային մշակույթի հետ փոխկապակցվող միջոցառումները հետաքրքիր են նաեւ զբոսաշրջիկների համար, եւ հույս ունենք, որ տարիներ անց այն յուրօրինակ տոն կդառա, որը կխթանի զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջան անգամ զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում: Դա նաեւ մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենում՝ նպաստելով համայնքների զարգացմանը, ինչը մեր ծրագրի կարեւոր բաղադրիչներից է»,-նշում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:
Միջոցառումներին ներկա էին նաեւ IDeA-ի գործընկեր Սմիթսոնյան Ինստիտուտի ներկայացուցիչները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID ) աջակցությամբ իրականացվող «Իմ Հայաստան» (My Armenia) մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում:
«Մեր գործընկերներն այստեղ են՝ ծանոթանալու Տաթեւի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության զարգացման հնարավորություններին եւ հանդիպելու ու զրուցելու համայնքի ներկայացուցիչների հետ: Համոզված ենք, որ այս տարածաշրջանն այդ առումով զարգացման լուրջ նախադրյալներ ունի»,-նշում է IDeA հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերի ղեկավար Արմինե Իսրայելյանը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին