«Առաջ Թուրքիան իրեն այսպես սանձարձակ չէր պահում». Ռուբեն Սաֆրաստյան
«Ես կարծում եմ, որ դեռևս պետք է սպասել, տեսնել՝ ինչ ընթացք կստանա, վաղ է եզրակացություններ կատարել, ու պետք է շատ զգույշ մոտենալ այս խնդրին։ Այն քայլը, որ կատարվեց անցյալ տարի Հռոմի պապի կողմից, անբեկանելի է»,- նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարությանը, թե Թուրքիան որոշել է վերադարձնել Վատիկանում իր դեսպանին, որը հետ էր կանչվել մոտ տասն ամիս առաջ` ի նշան բողոքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի և Հայոց ցեղասպանության դատապարտման:
Ըստ թուրքագետի՝ տարածաշրջանը կանգնած է սիրիական ճգնաժամի զարգացման նոր փուլի առջև.
«Սիրիայում կսկսվեն տեղակայվել այլ երկրների ցամաքային ուժեր՝ Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է, որ պատրաստ է զինյալներ տեղակայել Սիրիայում։ Գնալով ավելի շատ են դառնում լուրերն այն մասին, որ Թուրքիան կուտակում է զինված ուժեր՝ Սիրիայի սահմանի մոտակայքում։ Ամերիկյան կոալիցիան, որի մեջ մոտ 60 երկիր է մտնում, շատ լրջորեն է քննարկում հնարավորությունը Սիրիայում օտար երկրների զորք տեղակայելու մասին»։
Նրա խոսքով՝ այն նպատակները, որոնք իրենց առջև դրել էին թուրքերը՝ մխրճվելով սիրիական ճգնաժամի մեջ, չեն իրականացվել.
«Սիրիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ հաստատվել էին, թուրքական զինյալներն ըստ էության պարտություն են կրել։ Թուրքիան կորցնում է հսկողությունը ու ծանր վիճակում է հայտնվել սիրիական կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրներում։ Իր հարավային սահմանների վրա Թուրքիան «ստացավ» ռուսական զինված ուժ։ Թուրքական ռազմավարությունը, ըստ էության, «կրախ» ապրեց։
էրդողանը կտրուկ սրելով իրադրությունը երկրում՝ բնակչությանը լարելով քրդերի դեմ, լուծեց իր ընտրական խնդիրները, բայց փոխարենը՝ ստացավ երկրում մի իրադրություն, որը վերջին տասնամյակներում Թուրքիայում չկար` սկսվեց քրդական զինված պայքարը թուրքական իշխանությունների դեմ։ Իշխանությունները կորցնում են իրենց իշխանությունը նրանց դեմ։ Թուրքիան երկրի ներսում ստացավ նոր վտանգավոր իրավիճակ։ Սա նշանակում է ` Էրդողանը երկիրը հասցրեց այնպիսի փուլի, որ ինչ էլ ձեռնարկի, էլ ավելի կվատացնի երկրի իրադրությունը։ Թուրքիայում էլ ավելի կսրվի իրավիճակը»։
Թուրքագետը վստահ է՝ Թուրքիայի վերջին ամիսների քաղաքականությունը Սիրիայում նպատակ ունի ներքաշելու թուրք-ռուսական հակամարտության մեջ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին.
«Մյուս կողմից` չնայած հայտարարությունների մակարդակով ՆԱՏՕ- ն ու ԱՄՆ-ը օժանդակում են Թուրքիային, բայց բավական զգուշավոր են, չեն ուզում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ»:
Ղարաբաղյան խնդրի մասով նա նշեց, որ Թուրքիան բաց չի թողնի հնարավորությունը` օգտագործել Ադրբեջանին իրավիճակն ավելի սրելու համար.
«Առաջ Թուրքիան իրեն այսպես սանձարձակ չէր պահում։ Վերջին շրջանում Թուրքիան շատ է փոխել իր արտաքին քաղաքականությունը։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունն իրեն ավելի ադեկվատ կպահի»: