‹‹Սոված մեռանք, տեր էղեք մեզի››. 85-ամյա կնոջ աղերսանքը
asparez.am-ը գրում է. Գյումրիում Մայիլյանների ընտանիքը սովի է մատնվել:
Խոնավության ծխի, ցրտի մեջ նշմարվում են Մայիլյանների բազմանդամ ընտանիքի անդամների սովալլուկ դեմքերը, մանկահասակ երեխայի, 85-ամյա կնոջ, անչափահաս քրոջ ու եղբոր լուռ հայացքները…
Գյումրու Տերյան փողոցի 75 հասցեում Մայիլյանների բազմանդամ ընտանիքն ապրում է տարիներ շարունակ: Ընտանիքի հորը` 45-ամյա Անդրանիկին, Գյումրու կենտրոնական շուկայում բոլորն են ճանաչում, բանվորություն է անում, մարդկանց աղբն է թափում, դրա դիմաց կոպեկներ ստանում, օրվա հացը վաստակում:
Ընտանիքը պետությունից ստանում է կենսաթոշակ, նպաստ. Անդրանիկի մայրը` 85-ամյա Արեւհատ տատը խոստովանում է` գումարը քիչ է, օրերով սոված են մնում: Անդրանիկի կինը մի քանի տարի առաջ է մահացել, ընտանիքը որպես մահացության պատճառ նշում է քաղցկեղը:
Գյումրիում բնակվող Մայիլյանների ընտանիքի չափազանց այս վատթար վիճակի մասին ահազանգում է մանկավարժ Հերմինե Գալստյանը, ով ընտանիքին աջակցել է նյութապես:
Կայքի թղթակիցը գրում է, որ ընթացքում փայտի կիսատաք վառարանի վրա ընտանիքի անդամներից մեկը մաքրում է փոքր կարտոֆիլներն ու լցնում հարեւանի տնից բերած ջրով լի տարայի մեջ: Ժամը 13:00-ն է, բայց շատերն այստեղ չեն սնվել: Անկողնում պառկած հիվանդ, ծեր կնոջ ձեռքի ափում հացի կտորներ են. հացի վերջին պատառը ծեր կնոջն է հասել, բարձի տակ պահել է մշտական դեղորայքը: Արեւհատ տատը պատմում է` 11 ամիս է, ինչ պառկած է անկողնում, անկեղծանում է` նյութապես աջակցում է քաղաքապետարանը, գումար, սնունդ է տալիս, բայց խնդիրներն այսկերպ չեն լուծվում:
Անդրանիկի որդին Գյումրու խնամքի հաստատություններից մեկի սան է, այս օրերին ընտանիքում է, արձակուրդներն ավարտվելուն պես վերադառնալու է խնամքի կենտրոն, իսկ դուստրը խնամքին ունի 5 ամսական երեխա:
-Ես տանջված տղա եմ, հիվանդ տղա եմ, 45 տարեկան եմ արդեն, չենք կրնա ապրի, տելեվիզոր չունինք, հեչ բան չունինք,-ասում է Անդրանիկն ու ցույց տալիս հնամաշ պատուհանների ջարդված ապակիներն ու շարունակում,-հերս գնաց խոպան ու ըդպես կորավ, չիդենք թե ընչի ըդպես էղավ:
Որդուց հետո խոսում է 85-ամյա հիվանդ կինը.
-Տղես կաչկա կքշեր, 3 անգամ գողցան տարան, էլ հնար չկա, մենակ պլիտեն ու էս պեշկն է, վառելիք էլ չկա, մենակ տեսնիս ինչքան կվառենք էս տոկը…,-ասում է Արեւհատ տատն ու աղերսում,- սոված մեռանք, էլ չենք կրնա, տեր էղեք մեզի: