«Ամեն ինչի մեղավորը վնասվածքներն են». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը գտնում է, որ թիմի վերջին անհաջողություններում մեղավորը մեծ թվով վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներն են:
Հոլանդացին գտնվում է մեծ ճնշման տակ, քանի որ թիմը ետ է մնում առաջին հորիզոնականից 10 միավորով, իսկ ԱՊԼ-ի վերջին 10 հանդիպումներում «կարմիր սատանաները» տարել են ընդամենը 2 հաղթանակ:
Թիմի հիվանդանոցում տարբեր պատճառներով գտնվում են 7 ֆուտբոլիստներ, որոնք խաղում են թիմի մեկնարկային կազմում: Դրանք են` Շոուն, Դարմիանը, Յանգը, Ռոխոն, Կարիկը, Վալենսիան և Շվայնշտայգերը:
Մարզչի հարաբերությունները երկրպագուների հետ դառնում են ավելի լարված: Պրեմիեր լիգայի վերջին հանդիպման ժամանակ երկրպագուները սուլել են Վան Գալին:
Հոլանդացին ինքը կարծում է, որ վերջին անհաջողությունները վնասվածք ստացած ֆուտբոլիստների պատճառով են:
«Մենք ունենք վնասվածք ստացած 8 ֆուտբոլիստ: Դուք չեք կարող ասել, որ թիմի անբավարար արդյունքներում մեղավորը մարզիչն է:
Դուք երևի հիշում եք, որ մեկ ու կես ամիս առաջ մենք գտնվում էինք առաջին հորիզոնականում:
Ես չեմ զգում իմ մեղքը: Դուք կարող եք ասել, որ պետք էր ամռանը մի քանի ֆուտբոլիստների պահել, բայց այն ժամանակ ես չէի կարող կանխագուշակել, որ այսքան վնասվածքներ կլինեն:
Ես պայմանագիր եմ ստորագրել 3 տարով և միանգամից ասել եմ, որ թիմի խաղի կայացումը երկար պրոցես է: Դա մեկ խաղ չէ: Ես ցանկանում եմ շարունակել մարզել թիմը»,- ասել է հոլանդացի մասնագետը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը