Էրդողանը հացադուլ հայտարարած պատգամավորներին մեղադրել է ահաբեկչների համար աշխատելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներին, որոնք հացադուլ են հայտարարել, մեղադրել է ահաբեկչների շահերին ծառայելու մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորներ՝ Իդրիս Բալուքենը, Մերալ Դանըշ Բեշթաշն ու Օսման Բայդեմիրը հացադուլ էին սկսել երկրի ՆԳՆ շենքում՝ պահանջելով բժշկական օգնություն տրամադրել Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգի Ջիզրե քաղաքում թուրք ուժայինների ու քուրդ զինյալների բախումների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին:
Պատգամավորները իրենց անհանգստությունն էին հայտնել Ջիզրեում զոհերի ու վիրավորների աճող թվի կապակցությամբ, ինչպես նաև շտապօգնության մեքենաները գնդակոծելու փաստի առնչությամբ:
«Նրանք կարող են հացադուլ անել կամ ինչ կուզեն, բայց դրա տեղը խորհրդարանն է: Նրանք հիմա զբաղվում են ահաբեկչական կազմակերպություններին ծառայելով, աշխատում են ահաբեկիչների համար: Նրանք չեն նստում խորհրդարանում, այլ մշտապես գտնվում են շրջանում, որտեղ բախումներ են ընթանում ու զբաղվում են տարբեր բաներով, ինչպիսին հացադուլն է: Մինչ նրանք քաղցած են, նրանց կուսակցությունների համանախագահները հիանալի են անցկացնում հանգստյան օրերը, հեծանիվ են քշում»,- հայտարարել է երեկ Էրդողանը: