
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 1.1 մլրդ դոլարով նվազել է

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլար։ 2014 թվականի համեմատ արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 20.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական զեկույցից։
Այդ թվում, արտահանումը նվազել է 3.9%-ով և կազմել 1 մլրդ 486.9 մլն դոլար, իսկ ներմուծումման անկման տեմպն ավելի բարձր է՝ 26.5% (ծավալը՝ 3 մլրդ 254 մլն դոլար)։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015 թվականին տարեկան կտրվածքով կազմել է 1 մլրդ 767.1 մլն դոլար։
Հիշեցնենք, որ 2014 թվականին ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել էր 2 մլրդ 882.3 մլն դոլար։ Այսինքն, բացասական սալտոն կրճատվել է ավելի քան 1.1 մլրդ դոլարով: