«2 մլրդ դոլար գրպանելու համար Պուտինը կարո՞ղ է մտածել հայերի մասին». Արշակ Սադոյան
«Ամբողջ աշխարհում նավթի ու գազի գինն էժանանում է, իսկ մեզ մոտ դա չի նկատվում: Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը՝ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, անընդհատ խաբում է հայ ժողովրդին»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ «անկախ հանձնաժողով կոչվածը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ևս խաբում է ժողովրդին». «Թալանը «պրյամո» շարունակվում է։ Օրերը մի քիչ տաքանան, կոչ եմ անելու ժողովրդին՝ հավաքվենք, գնանք-ասենք` ախպեր ջան, գազը էժանացել է, մեզ մոտ ինչո՞ւ չեք էժանացնում»:
Ըստ նրա՝ Հայաստանի միակ դաշնակիցն այսօր Իրանն է, իսկ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը. «Իրանն ամեն կերպ կաջակցի Հայաստանին: Ավելի հոյակապ տնտեսական գործարք, քան Երևանի ջէկ-ի ու Իրանի պայմանագիրն է, դժվար է պատկերացնել։ Իրանն էներգիայի կարիք ունի, ու դրա դիմաց մեզ կարող է մեծ ծավալով գազ տալ, բայց Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է, որ Իրանից եկող գազամուղի խողովակի տրամագիծը փոքր լինի։ Իրանն անընդհատ ասում է՝ եկեք բանակցենք, գազի գինը կէժանանա, բայց Ռուսաստանը թույլ չի տալիս: Այսպիսի ստրկական կախվածություն չի կարելի թույլ տալ»:
Ա. Սադոյանը համոզված է՝ աշխարհում միակ շահագրգիռ ուժը, որ հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվի, Ռուսաստանի Դաշնությունն է. «Ավելի շուտ՝ ռուսներն էլ չեն, Կրեմլը միայն, որովհետև զենքի առևտրից առնվազն հինգը մեկին շահույթ ունեն, այդ շահույթի մեծ մասն էլ ուղղակիորեն գնում է Պուտինին և մյուսներին: Ադրբեջանին 5 մլրդ դոլարի զենք վաճառելուց, առանց որևէ չարչարանքի, Պուտինն անձամբ իր գրպանն է դնում 2 մլրդ դոլար: 2 մլրդ դոլար գրպանելու համար Պուտինը կարո՞ղ է մտածել հայերի մասին։ Բաց տեքստով հայտարարվում է` պատերազմ հրահրելը բիզնես է։ Հիմա պատկերացրեք՝ ում հետ ենք գործ բռնում։ «Գազպրոմը» սահմանից գազն էժանով վերցնում է, բայց ժողովրդին թանկ գնով է վաճառում: Գազի գինն առնվազն երեք անգամ կարող են իջեցնել: Մեր միակ հիմնական խնդիրն է` պայքարել թալանի ու գաղութացման դեմ։ Ավելի սարսափելի ու հակահայ բան չկա, քան այն, որ թշնամուն զենք են տալիս, որ մեզ սպանեն, ու ասում են՝ մեր բարեկամն են»: