2015-ին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 3.1%-ով
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ այդ տվյալների՝ 2015-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2014 թվականի համեմատ, կազմել է 103.1: Այսինքն՝ տնտեսական ակտիվությունը տարվա կտրվածքով աճել է 3.1%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով և կազմել 1 տրիլիոն 327 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսությունը տարին փակել է 11.7% երկնիշ աճով, գյուղոլորտի արտադրանքի ծավալը 2015-ին գերազանցել է 1 տրիլիոն դրամը։
Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 2.7%, ծավալը՝ 1 տրիլիոն 188.9 մլրդ դրամ։
Տարվա կտրվածքով շինարարության ոլորտը նույնպես կարողացել է հաղթահարել անկումը և գրանցել 0.3% աճ (ծավալը՝ 457.2 մլրդ դրամ)։
Անկում է գրանցվել միայն ներքին առևտրաշրջանառության գծով։ 2015-ի ընթացքում ներքին առևտրի ծավալը կազմել է 2 տրիլիոն 282.2 մլրդ դրամ, ինչը 8%-ով ցածր է 2014 թվականի ցուցանիշից։