«Դա չի կարելի համարել լուրջ հայտարարություն». Վ. Բոստանջյանը՝ Պուտինի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «ռուբլու փլուզումը նոր հնարավորություններ է բացում», նույնն է թե՝ մեկին ծեծեն, իսկ նա ասի, որ դրանից ինքն ուժեղանում և առողջանում է: Նման համեմատություն 168.am-ի հետ զրույցում արեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
«Բոլոր դեպքերում սա չի կարելի համարել լուրջ հայտարարություն՝ պայմանավորված նրանով, որ ռուբլու անկումը մեխանիկական երևույթ չէ, որով ՌԴ-ի համար կարող է լավ հեռանկարներ բացահայտվեն: Սա նշանակում է, որ ռուսական տնտեսությունը չափազանց թույլ տնտեսություն է, որը նստած է նավթի ասեղի վրա, ցանկացած ծրագիր, որ իրականացվում է, առաջին հերթին՝ սոցիալական բնույթի են, և Ռուսաստանում, ինչպես և մեր երկրում, սոցիալական բարդ ու կնճռոտ խնդիրներ կան: Իրենք նավթը և բնական ռազմավարական հարստությունները վաճառելով՝ այդ խնդիրներն էին լուծում, իսկ տեխնոլոգիական զարգացում, որպես այդպիսին, տարիներ շարունակ չի եղել Ռուսաստանում և այսօր էլ չկա: Տեխնոլոգիական հետամնացություն է, որի մասին ասաց Գերման Գրեֆը, ասում են կառավարության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, անկախ ռուբլու կտրուկ արժեզրկումից՝ Ռուսաստանն իր մեջ ուժեր կգտնի տեխնոլոգիական նորարարական գործունեությանը զարկ տալու համար և միայն բավականաչափ ժամանակ հետո կունենա հաջողություններ: Վ.Բոստանջյանը շեշտեց, որ ռուբլու այս անկումը չի կարելի որևէ կերպ համարել խթան որևէ բանի համար. «Վերապահումներով կարելի է մտածել, որ ռազմաարդյունաբերական համալիրն իրենց մոտ շատ ուժեղ զարգանում է քաղաքական մրցակցության պայքարում, և դա խոշոր առումով տեխնոլոգիական զարգացում պահանջող տիրույթ է, և, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահն ի նկատի է ունեցել այդ միտումը, որ տեխնոլոգիական զարգացումը կարող է այդ ոլորտից տեղափոխվել այլ ոլորտներ»: