Ինչո՞ւ այս փուլում Ռուսաստանը Հայաստանի համար չի նվազեցնի գազի գինը
«Ռուսաստանը կարող է դիտարկել Հայաստան մատակարարվող գազի գնի վերանայման հարցը, թեև այն ամենաէժաններից է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով ռուսական գազի գինը Հայաստանի համար իջեցնելու պահանջին:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք գործարարների հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ էներգակիրների գնի իջեցման հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում: Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ չի բացառվում` Հայաստանի դիմումը դրական պատասխան ստանա «Գազպրոմի» կողմից: Նրա խոսքով, թեև Ռուսաստանում չափազանց վտանգավոր տնտեսական իրավիճակ է ստեղծվել նավթի գնանկման, ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով, Ռուսաստանը կարող է վերանայել գները Հայաստանի համար:
«Ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ արդեն իսկ խոսել են այն մասին, որ Ռուսաստանը պետք է գազի գինը պայմանավորի ռուբլով, քանի որ ազնիվ չէ ռուբլու արժեզրկման պայմաններում, ըստ էության, թանկ գներով գազ վաճառել: Հայաստանի դեպքում հատկապես այս խնդրանքը դրական պատասխան կստանա, քանի որ Հայաստանի սպառման ծավալները չափազանց մեծ չեն, և «Գազպրոմի» համար դժվար չի լինի համաձայնել այս պահանջին՝ հատկապես, երբ Հայաստանը քաղաքականապես նվիրված է Ռուսաստանին, ինչը Ռուսաստանը գնահատում է»,- ասաց Սիմոնովը: Սակայն, ըստ նրա, կա մեկ այլ խնդիր: «Վերջին ամսվա ընթացքում մենք նավթի գների անկման մի քանի փուլի ականատեսը դարձանք, չի բացառվում, որ նավթի գներն էլ ավելի ընկնեն, ռուբլու տատանումները շարունակվեն:
Այս դեպքում հարց է` ինչ գնով պետք է կողմերը պայմանավորվեն: Այս պայմաններում ցանկացած գին մեկ ամսից կրկին բանակցությունների առարկա է դառնալու: Ուստի, կարծում եմ, Հայաստանը ճիշտ կաներ՝ սպասեր փոքր-ինչ: Ակնհայտ է, որ ռուսական կողմն այս հարցը կդնի քննարկման միայն կայուն ռուբլու պայմաններում, այլապես ներկայիս պայմաններում գին քննարկելն անիմաստ է: Մյուս կողմից, կարծում եմ, որ տատանումներից հետո ի վերջո ռուբլին գուցե վերականգնի իր դիրքերը: Այս դեպքում ևս անիմաստ կդառնա հարցը դիտարկելը: Ամեն դեպքում հայկական խնդրանքը քննարկվելու է: Վստահ եմ, կողմերն ընդհանուր հայտարարի կգան, թե երբ և ինչ պայմաններում արժե վերանայել գները: Այսօր դա վտանգավոր է»,- ասաց Սիմոնովը:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է հասկանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիտարկումը, թե ռուբլու արժեզրկումը նոր հնարավորություններ է բացում, Սիմոնովը պատասխանեց, թե ՌԴ նախագահը հույս ունի, որ տնտեսական խնդիրները կստիպեն վերացնել տնտեսության կախվածությունը նավթի գներից: «Այսինքն` իրավիճակը ստիպում է, որպեսզի ռուսական տնտեսությունը զարգացվի բազմակողմանիորեն՝ նման խնդիրներից հետագայում խուսափելու համար: Այսօր ՌԴ-ում ստեղծված իրավիճակի պատճառը հենց այդ խնդիրն է, որը լուծելու ուղղությամբ են այսօր փորձում աշխատել: Լավատեսության պատճառը, ըստ իս, սա է»,- ասաց Սիմոնովը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե ռուսական բիզնեսը «դիմակայեց» երկրում տնտեսական ճգնաժամին: «Վերջին երկու տարիները բավական բարդ էին տնտեսության համար, օբյեկտիվ դժվարություններն անդրադարձան պրակտիկորեն բոլոր ոլորտների վրա: Բայց պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, բիզնեսը դիմակայեց, այդ թվում՝ փոքր բիզնեսը»,- ասել է Պուտինը: Ավելին, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ռուբլու փլուզումը և փոխարժեքային տարբերությունը հրաշալի առիթ է դրանից օգտվելու համար, քանի որ այն «նոր հնարավորություններ է բացում բիզնեսի առջև»: