Վարչապետ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, ով ավարտում է իր գործունեությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Դոուլի գործունեությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև իրականացվել և այժմ էլ շարունակվում են մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման,  Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Դոուլին կատարած աշխատանքի և ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Իր հերթին, Դևիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին համագործակցության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում գործադիրի անդամների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում երկկողմ համագործակցության ուղղությամբ արձանագրվել են մեծ ձեռքբերումներ: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության լավագույն օրինակներից է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագիրը, որն այս տարի նոր թափով կշարունակվի: Դևիդ Դոուլը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի և ԱԶԲ-ի ամուր փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Դևիդ Դոուլին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով և նրան մաղթել նորանոր հաջողություններ:

Տեսանյութեր

Լրահոս