Հանձնաժողովի երկու կին անդամի մեղադրանք է առաջադրվել. գործերը դատարանում են
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, որոնք հարուցվել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով:
Քրեական գործերից մեկով Նարինե Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգ. թիվ 119 նախնական ուսումնական հաստատությունում տեղակայված 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 2-րդ մատյանում 3 անձանց տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնքել է իրեն հատկացված կնիքի դրոշմով, ապա 3 քվեաթերթիկ գցել է քվեատուփը՝ այդ կերպ քվեարկելով երեք այլ անձանց փոխարեն:
Մյուս քրեական գործով Կարինե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղ. թիվ 56 մանկապարտեզում տեղակայված 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 1-ին մատյանում կնոջ տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնքել է իրեն հատկացված դրոշմով, ապա 1 քվեաթերթիկ գցել է քվեատուփը՝ այդ կերպ քվեարկելով այլ անձի փոխարեն:
Հանձնաժողովի երկու անդամների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. քրեական գործերը մակագրվել են դատավոր Դավիթ Հարությունյանին: