
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել արդեն այս տարի. ԱՄՆ Պետդեպ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել արդեն այս տարի, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում:
Նրա խոսքով՝ կան նախանշաններ, որ Ռուսաստանը սկսում է իրավիճակը լրջորեն ընկալել ու տրամադրված է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը՝ կապված Ուկրաինայում կապված իրավիճակի հետ, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:
«Հենց իրականանան Մինսկի պայմանավորվածությունները, այն է՝ Դոնբասում անցկացվեն ընտրություններ, դադարեցվեն ռազմական գործողություններն ու վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը, պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:
Նրա կարծիքով՝ հույս կա, որ դրան կհաջողվի հասնել արդեն տարում: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը չի պարտադրել Եվրամիությանը հակառուսական պատժամիջոցների դիմել՝ դա դարձել է համագործակցության արդյունք:
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ժամանակ մենք հենց սկզբից որոշում ենք կայացրել համագործակցել «Մեծ ութնյակի» ու ԵՄ-ի հետ: Մինչ այդ մենք նման մասշտաբներով ոչինչ չենք արել: Այդ պատժամիջոցները չեն հորինվել Ամերիկայում ու պարտադրվել Եվրոպային: Հակառակը, դրանք մշակվել են Եվրոպայի հետ միասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Կալինինգրադում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ ու 6 ժամ քննարկել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցերը:
Խոսակցության մանրամասները հայտնի չեն: Սուրկովը հայտնել է, որ բանակցությունները եղել են հանգամանալից ու կառուցողական: