«Երբ ասում եմ՝ այդ մարդկանց շատ լավ գիտեմ, նշանակում է՝ գիտեմ բաներ, որոնք չգիտեն ուրիշները». Գառնիկ Իսագուլյանը՝ վնասազերծված խմբի մասին
«Այն, ինչ արել են մեր իրավապահ մարմինները, լրիվ տեղավորվում է ոչ միայն օրենքների իրավունքի շրջանակներում, այլև, եթե չլիներ նոյեմբերի 25-ի կանխարգելիչ գործողությունները, մենք դեկտեմբերի 1-ից հետո կարող էինք բավականին ծանր իրավիճակում հայտնվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ագզային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին:
Նա համոզված է՝ որևէ ապօրինի գործողություն իրավապահ մարմիները չեն արել, որևէ մեկի նկատմամբ քաղաքական հալածանք կամ քաղաքական պատվեր չեն արել. «Եկեք հավատանք, որ հնարավոր է՝ այդ մարդիկ պատահականորեն հայտնվել են ինչ-որ գործողությունների մեջ: Հավատացեք՝ որևէ պատահական ձերբակալություն չկա, ուրիշ բան է, որ ինչ-որ մարդիկ թյուրմացաբար հայտնված լինեն որոշակի իրադարձություններում»:
Հարցին՝ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանն է՞լ են թյուրիմացաբար հայտնվել այնտեղ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Ես այդ մարդկանց այնքան լավ եմ ճանաչում, իրավունք ունեցողի իավունքով թույլ տվեք ասել, որ ոչինչ անօրինական չի կատարվում, քաղաքական պատվերի շրջանակներում չի տեղի ունենում»:
Հարցին էլ, թե՝ ինչո՞ւ նշեցիք՝ դեկտեմբերի 1-ից հետո կհայտնվեինք ծանր իրավիճակում, դա կապվա՞ծ է դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում սկսվող քաղաքական ակցիաների հետ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Որովհետև քննչական մարմիններն այդ օրն են նշել, ԱԱԾ-ի հենց առաջին օրերի տված բացատրություններում հստակ օրերը նշվում են, թե որ օրերին էին ծրագրված: Ես քաղաքականի հետ չեմ կապում, չեմ կարծում, որ քաղաքական խնդիր կա»:
Նա կրկնեց, որ հնարավոր է՝ մարդիկ միամտաբար հայտնվել են այդ խմբի մեջ, բայց սա քննության պարզելու խնդիրն է. «Երբ ես ասում եմ՝ այդ մարդկանց շատ լավ գիտեմ, նշանակում է՝ գիտեմ բաներ, որոնք չգիտեն ուրիշները: Դրա համար ասում եմ՝ եկեք սպասենք քննության ավարտին: Որևէ մեկը հենց այնպես չի դատվելու»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ քանի որ ճանաչում եք այդ ձերբակալված մարդկանց՝ նրանք ընդունա՞կ էին նման քայլի, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Ամեն մարդ ամեն ինչի ընդունակ է»: