«Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը շատ անհաջող էր». Շավարշ Քոչարյան
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունն այն մասին, որ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, անհաջող էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դրանից հետո եղավ իրենց մամլո խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Ցեղասպանությանը, և այլն, և այլն: Ես կարծում եմ՝ ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք դա մշակված քաղաքական ծրագիր չէ՞ր, Շ. Քոչարյանը պատասխանեց.
«Ես ընդամենն արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայտարարություն էր, ավելին չեմ կարող ասել»:
Հարցին, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ինչ է անում ԵԽ ԽՎ-ում հակահայկական զեկույցների առնչությամբ , Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Այդ ուղղությամբ աշխատանքը կատարում են և՛ Արտգործնախարարությունը, և՛ Ազգային ժողովի պատգամավորները: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն հիվանդությունը, որ այնտեղ կա, բավականաչափ խորացած է, ցավոք սրտի, հենց Եվրոպայի խորհրդում:
Խնդիրը կայանում է նրանում, որ այն մարդիկ, ովքեր ադրբեջանական այդ քաղաքականության թիրախ են դարձել, ամենևին մեծամասնություն չեն, և խնդիրը կայանում է նրանում, որ հնարավորություն ունի մնացած պատգամավորներին, որոնք մեծամասնություն են, փորձել ներգրավել, որովհետև այն մասը միանշանակ քվեարկող է: Ինչքանով դա կհաջողվի՝ ես հիմա դեռ կանխատեսումներ չեմ անում, բայց որ այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, ես դա կարող եմ միանշանակ ասել»: