Միլիցան գերազանցեց Ուոլթերին. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարին, շատ ավելի հակահայ է, քան 20 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը:
Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած սույն զեկույցը ԵԽԽՎ-ն պաշտոնապես դեռ չի հրապարակել, սակայն զեկույցի օրինակն արդեն գտնվում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների մոտ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Մարկովիչի զեկույցում մի քանի պարբերություններ նույնությամբ կրկնում են Ուոլթերի զեկույցում տեղ գտած ձեւակերպումները: Մասնավորապես, նշվում է, որ հայկական զորքերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները: Պահանջվում է, որ Հայաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Նշվում է, որ հայերը, օկուպացնելով Ադրբեջանի տարածքները, Ադրբեջանի սահմանամերձ գյուղերին զրկել են ոռոգման ջրի հնարավորությունից, փակել են եւ թույլ չեն տալիս օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը:
Մի քանի շեշտադրումներ կան նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այսինքն, այս զեկույցում եւս կասկածի տակ է առնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Միլիցա Մարկովիչը շատ ավելի հեռուն է գնացել եւ ի տարբերություն Ուոլթերի, որն իր զեկույցում ակնարկել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը պատժելու մասին, Մարկովիչը շատ ավելի կոնկրետ է խոսում հայկական պատվիրակության նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին: Կոնկրետ պատժամիջոցի մասին Միլիցան չի նշել, բայց ԵԽԽՎ-ում դրանք 2-3-ն են՝ զրկել ձայնի իրավունքից, հեռացնել ԵԽԽՎ-ից 1-2 նստաշրջան կամ էլ կասեցնել պատվիրակության մանդատը: Մի խոսքով, կրկին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանին իրականում Սարսանգի ջրամբարի ջուրը չի հետաքրքրում: Հիշեցնենք, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պաշտոնապես հայտարարել էր, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել:
Նրա այս առաջարկը, սակայն, անարձագանք մնաց ե՛ւ ԵԽԽՎ-ում, ե՛ւ Ադրբեջանում: Այսինքն, Միլիցա Մարկովիչի զեկույցը, որտեղ իրականում սոցիալական, հումանիտար հարց պետք է քննարկվեր, բացարձակ քաղաքական փաստաթուղթ է, որը Ադրբեջանը, բնականաբար, օգտագործելու է Հայաստանի դեմ ամեն հարմար առիթով: Ավելին, Մարկովիչն ընդամենը նոյեմբերի 16-ին էր պաշտոնական նամակով դիմել ԼՂՀ արտգործնախարարությանը՝ իր զեկույցը պատրաստելու նպատակով տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով, բայց սոցիալական հանձնաժողովի նիստը նշանակված էր նոյեմբերի 23-ին՝ Մարկովիչի դիմելուց ընդամենը 10 շաբաթ առաջ, եւ հասկանալի էր, որ նա չէր հասցնելու նման առաքելություն իրականացնել: Այնինչ, նույն զեկույցը պատրաստելու նպատակով նա հասցրել է 2 անգամ այցելել Ադրբեջան, վերջինը՝ այս տարվա օգոստոսին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: