«Ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է. ինչո՞ւ հացի գինը հավասարաչափ չի նվազել». Հովիկ Աբրահամյանը՝ Շաբոյանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն անցյալ տարվա վերջին վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ Նպատակը եղել է այն, որ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներն Ամանորի նախաշեմին, առիթից օգտվելով, գների անհիմն թանկացումներ չիրականացնեն:
Ա. Շաբոյանի խոսքով, հանձնաժողովը զգուշացրել է ընկերություններին, որ գների անհիմն թանկացումները գերիշխող դիրքի չարաշահումներ են համարվելու, և պատասխանատվության խիստ միջոցներ են կիրառվելու տնտեսվարողների նկատմամբ: Ա. Շաբոյանն այսաց, որ Երևանի մի շարք խոշոր սուպերմարկետներում դիտարկումներ են իրականացվել, ինչից հետո արդյունքները համեմատվել են տնտեսվարողներից ստացված տվյալների հետ:
«Ուսումնասիրություններ իրականացվել են մոտ 20 ապրանքների գծով: Դրանք այն ապրանքներն են, որոնք սոցիալական նշանակություն ունեն և ներմուծվում կամ արտադրվում են խոշոր ընկերությունների, գերիշխող դիրք զբաղեցնողների կողմից: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի ձվին, հավի մսին, ալյուրին և ցորենին: Այս ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ինչպես նաև՝ ավոմեքենաների լիցքավորման համար օգտագործվող բնական գազը: Բոլոր այն ապրանքների գծով, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, Ամանորի նախաշեմին, դեկտեմբեր ամսվա ընթացքում գների աճ չի արձանագրվել: Գները կայուն են մնացել: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30 տոկոսով: Իհարկե, սա որոշ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է ՌԴ-ից, հետևաբար՝ ռուսական ռուբլու արժեզրկումն ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ձեթի, ձավարեղենի որոշ տեսակների, որոնք նույնպես ներկրվում են ՌԴ-ից: Հարկ է նաև նշել, որ տարվա ընթացքում հայկական դրամը որոշակիորեն արժեզրկվել է, մոտ 4 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 485-486 դրամի: Բնականաբար, դրամի արժեզրկումն իր հերթին՝ գների վրա ազդում է բարձրացման ուղղությամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ալյուրի գնի 30 տոկոս նվազման պարագայում ինչո՞ւ հացի գինը չի նվազել, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ հացի գները 10 տոկոսի չափով նվազել են, ամեն դեպքում, այդ արտադրության ոլորտում հարյուր-հազարավոր արտադրողներ կան, դաշտը մրցակցային է: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ, թե ինչու հավասարաչափ չեն նվազել գները: