Տուգանվում են միայն հայկական համարանիշերով ավտոմեքենաները, ռուսական և այլ համարանիշերով մեքենաներին չեն տուգանում
«Երեկ փոխոստիկանապետ Խաչատրյանի գրասենյակում էինք, և աշխատակիցներից մեկը մտավ-ասաց՝ «կապիտան ջան, ռուսական համարները կարո՞ղ ենք տուգանել», նա պատասխանեց՝ «չէ», իսկ դա նշանակում է, որ ռուսական զենքով ինչ-որ մարդիկ իրավունք ունեն փողոցներում կրակել, և նրանց ոչ մեկը չի ձերբակալելու դրա համար, իսկ ոչ ռուսական զենքով՝ ձերբակալվում ու պատժվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը:
Այդ իսկ պատճառով վերջինս կարծում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների գործընթացը տապալված է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր երեկվանից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթի որոշ իրավակարգավորումների մասին:
Ըստ այդմ, նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար (ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը և այլն) կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում : Բացի այդ, այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:
Ասուլիսին ներկա Ա. Սուլեյմանյանի խոսքով՝ չի կարելի ստեղծել մի համակարգ, որտեղ հայկական համարանիշերով ավտոմեքենաներին պատժում ես, իսկ ռուսական, վրացական, պարսկական և այլ համարանիշերով մեքենաներին՝ ոչ.
«Կարծում եմ, որ առնվազն պետք է ազնվություն ունենալ Հանրային հեռուստաընկերությամբ ասել՝ մենք կարծում ենք, որ մեր երկրում օրենք կարող են խախտել միայն հայերը և հայկական համարները, մյուսների համար օրենք գոյություն չունի, որովհետև դա է իրականությունը: Հետևաբար՝ այն ամենը, ինչը փոփոխվել է կամ չի փոփոխվել, եթե այն չի կիրառվում բոլոր վարորդների համար, այն ավտոմատ կերպով խեղկատակի է վերածվում»:
Ա. Սուլեյմանյանը պատմեց, որ երեկ ինքը ստացել է դատարանի վճիռ, որտեղ ասվում է, որ պատասխանատվության բեռն իր վրա է. «Խնդիրը բարդացավ այն պահից, երբ ես գնացի քաղաքապետարան ու ասացի, որ խնդիրը 5 հազար դրամ տուգանքը չէ, մենք գնալու ենք մինչև Սահմանադրական դատարան և սահմանադրորեն ժխտելու ենք առհասարակ կարմիր գծերի գաղափարախոսությունը:
Դատարանում արդեն պարզ դարձավ, որ սովորաբար «Փարքինգ սիթի» ընկերությունը 2 էջանոց ապացույցներ է ներկայացնում, իմ պարագայում ներկայացրել էր 12 էջ: Բնականաբար, որևէ դատական նիստի իրենք չներկայացան, և դատավորն էլ դատարանի դահլիճից ճողոպրեց, որ աչքերով էլ չհանդիպի ինձ: Այսինքն՝ պարզ է, որ պատերազմ է հայտարարված մեզ»:
Կրկին անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններին՝ Ա. Սուլեյմանյանն ասաց, որ գործընթացը ձևական է, ու «նախարարուհին, օգտագործելով PR տեխնոլոգիաները, դիվիդենտներ է փորձում շահել»: