
Քյոլնի ոստիկանապետը ներգաղթյալների կողմից կանանց վրա հարձակումներից հետո թոշակի է ուղարկվել

Քյոլնի ոստիկանապետ Վոլֆգանգ Ալբերսը վաղաժամ թոշակի է ուղարկվել խիստ քննադատությունների ֆոնին, որ ուղղված էին ամանորյա գիշերը կանանց նկատմամբ հարձակումների հետաքննության հասցեին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով գերմանական լրատվամիջոցներին:
Նրանց տվյալով՝ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի դաշնային հողի ներքին գործերի նախարար Ռալֆ Յեգերն անձամբ է Ալբերսին պաշտոնից հեռանալու մասին, իսկ մոտ ժամանակներս այդ մասին պաշտոնական հայտարարություն կարվի:
Ավելի վաղ Քյոլնում բողոքի ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները իշխանություններից պահանջել էին հետաքննել քաղաքում կատարված սեքսուալ հանցագործությունները:
Քյոլնի ոստիկանության գործողությունները ու կանանց վրա հարձակումների հետաքննության փաստը քննադատության էր ենթարկվել նաև Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից:
60-ամյա Ալբերսն ընդունել է ոստիկանության սխալները, սակայն բացառել է իր ինքնակամ հեռացումը պաշտոնից՝ հայտարարելով, թե «հենց հիմա է ինքը հարկավոր քաղաքին»:
Ընդհանուր առմամբ՝ Քյոլնի ոստիկանություն էր ներկայացվել 200 հայտարարություն հանցագործությունների մասին, որոնք իրականացվել էին Ամանորի գիշերը: Հայտարարությունների մեծ մասը ներկայացրել էին կանայք՝ բողոքելով սեքսուալ բնույթի հարձակումներից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է անցկացնել Քյոլնի դեպքերի համընդգրկուն հետաքննություն ու պատժել բոլորին, ովքեր հարձակումներ են իրականացրել կանանց նկատմամբ:
«Գերմանիան չի հանդուրժի նման զզվելի հանցագործությունը: Պատկերացրեք, թե ինչ են զգացել բախտի քմահաճույքին թողնված անօգնական կանայք: Անձամբ ինձ դա անթույլատրելի է թվում»,- ասել է Մերկելը: