Մերկելը հայտարարել է հանցագործ ներգաղթյալներին արտաքսելու անհրաժեշտության մասին

Գերմանիան պետք է ևս մեկ անգամ դիտարկի օտարերկրացիներին արտաքսելու մասին հարցը, ովքեր դատապարտվել են հանցագործությունների համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գերմանիայի կառավարության ղեկավարի հայտարարությունը  Քյոլնում ամանորյա գիշերը կանանց վրա զանգվածային հարձակումների պատասխան ռեակցիան էր: Ոստիկանությունն ստացել էր հարյուրավոր հայտարարություններ գողությունների ու սեքսուալ ոտնձգությունների մասին:

«Գերմանիան չի հանդուրժի նման զզվելի հանցագործությունը: Պատկերացրեք, թե ինչ են զգացել բախտի քմահաճույքին թողնված անօգնական կանայք: Անձամբ ինձ դա անթույլատրելի է թվում»,- ասել է Մերկելը:

Կանցլերի խոսքով՝ իշխանությունները պետք է դարձյալ ուսումնասիրեն Գերմանիայից փախստականների արտահանձնման հարցը, որպեսզի հստակ ազդանշան ուղարկեն նրանց, ովքեր մտադիր չեն հետևել երկրի օրենքներին: Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ փախստականի կարգավիճակ հայցող ցանկացած մարդ, ով առնչություն ունի հարձակումներին, կարտաքսվի երկրից: Ոստիկանության տվյալով՝ հարձակումների մեջ կասկածվողները հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից երիտասարդ փախստականներ են:

Տեսանյութեր

Լրահոս