Հայտնի դարձան հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (ANSEF) 2016թ. դրամաշնորհները
Հայաստանում աշխատող 32 գիտական խմբեր 2016թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով:
Ներկայացված 244 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 24 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 16 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 13` Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) և 1-ական՝ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանանը:
ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի (ՀՕՖ) շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին (2014-ին` 31, 2015-ին՝ 30, 2016-ին՝ 32)։ Մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրել է 419 դրամաշնորհ, որոնցից օգտվել է շուրջ 700 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։
Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:
Հիմնադրամի համացանցային կայքէջն է՝ http://www.ansef.org/
Հայկական աստղագիտական ընկերություն